Այսօր Գրողների միությունում տեղի ունեցավ միության պաշտոնաթերթի` «Գրական թերթի» կայքի` grakantert.am-ի շնորհանդեսը:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով. «Գրական թերթն» արդեն 81-ամյա «պատանի» է, որը վերջին տարիներին ավելի մեծ լսարան է ձեռք բերել: Թերթն ունի կայուն ընթերցողներ, ինչը կարեւոր հանգամանք է: Այն, որ գրական թերթը սպառվում է, նշանակալի ցուցանիշ է»: Ինչ վերաբերում է թերթի էլեկտրոնային տարբերակին, Անանյանն ասաց, որ այն մինչ կայքի ստեղծումն էլ տարածվում էր Կալիֆոռնիայի գրողների միության ղեկավարի միջոցով եւ ունի շուրջ հազար բաժանորդ: «Պետք է կարողանանք ավելի առաջ շարժվել եւ միջոցներ գործադրել` թերթի 80-ամյա արխիվը վերականգնելու համար, քանի որ այն մեր գրականության տարեգրությունն է եւ պատմությունը»,-հավելեց Անանյանը:
«Գրական թերթի» էջադրող, դիզայներ Նառա Վարդանյանը, ներկայացնելով կայքը, նշեց, որ ընթերցողին անակնկալ է սպասվում` «Գրական թերթի» առաջին` 1932թ.-ի համարը. «Բացի այդ, էլեկտրոնային արխիվում կա «Գրական թերթի» մասին պատմություն, իսկ «Մեր մասին» բաժնում ներկայացված են թերթի աշխատակիցները: «Արխիվ ակնթարթ» բաժնում հավաքել է թերթի արխիվը, այդ թվում` լուսանկարներ»: Նառա Վարդանյանն ասաց, որ grakantert.am-ում ներկայացված են նաեւ թերթի գործընկերները` «Գրանիշ» գրական ակումբը, «Գրեթերթը». «Մենք օնլայն բարեկամություն ենք անում մեր գործընկերների հետ»:
Վարդանյանը տեղեկացրեց, որ բավական ակտիվ է թերթի «ֆեյսբուքյան» էջը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նոր լույս տեսած գրքերին, Նառա Վարդանյանի փոխանցմամբ` դրանք կներկայացվեն grakantert.am-ի «Գրադարակ» բաժնում:
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի համոզմամբ. «Թերթը պետք է դառնա 80 տարվա գրականության եւ գեղարվեստական խոսքի համապատկերը: Ի վերջո, «Գրական թերթի» ճանապարհով 5 սերունդ է անցել»: Տիկին Խոդիկյանը տեղեկացրեց, որ grakantert.am-ում կտեղադրվի «Գրական թերթի» էլեկտրոնային տարբերակը` թերթի լույս տեսնելուց մեկ շաբաթ ուշ: Կարինե Խոդիկյանը նաեւ ասաց, որ նպատակ կա grakantert.am-ը դարձնել գրական պորտալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ