Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է արդյունաբերական ընկերության գործունեությանը և հետագա ծրագրերին

Մարտ 26,2013 16:28

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող պղնձի խտանյութի վերամշակմամբ։ Կառավարության ղեկավարը շրջել է գործարանում՝ ծանոթացել ֆերոմոլիբդենի արտադրության գործընթացին, կատարված ներդրումների ադրյունքներին և առաջիկա ծրագրերին:

Տեղեկացվել է, որ 2012թ. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն  արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11 մլրդ դրամ. 2011-ի նկատմամբ աճը կազմել է 12.7 տոկոս: Արտադրանքն ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում:

2013-ի հունվար-փետրվար ամիսներին ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը կազմել է 520 տոննա` նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի 340 տոննայի փոխարեն, ապահովելով 52,9 տոկոսի աճ: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 3.55 մլրդ դրամ, նախորդ տարվա` 2,6 մլրդ դրամի դիմաց:

Չնայած ընկերության կողմից արտադրության ֆիզիկական ծավալների զգալի աճին` դրամային արտահայտությամբ տոկոսային աճի տեմպը դանդաղել է, ինչը բացատրվում է միջազգային շուկայում ֆերոմոլիբդենի գների դանդաղ, բայց կայուն նվազմամբ: Այսպես, եթե 2013 թ. հունվարին 1 տ մոլիբդենի գինը կազմել է 29,1 հազ. ԱՄՆ դոլար, ապա փետրվարի 20-ի դրությամբ այն նվազել է մինչև 27,8 հազար դոլար:

Ընկերությունն ընթացիկ տարում աճ արձանագրելու նպատակով կատարել է աշխատանքներ` ուղղված վտանգավոր թափոնները (նախկինում չօգտագործվող թափոններ) վերամշակելու և լրացուցիչ քանակի ֆերոմոլիբդեն ստանալու նպատակով: Նշված գործունեությունն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականին ընդունած որոշմամբ «Արմենիան  մոլիբդեն փրոդաքշն»-ին տրամադրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և  տեղադրման  լիցենզիա: Ներկայում ընթանում են նոր արտադրամասի սարքավորումների շահագործման աշխատանքներ, որին զուգահեռ նաև իրականացվում են միջոցառումներ՝ համապատասխան երկրորդային հումքով ապահովելու ուղղությամբ:

2008թ. ձեռնարկությունում գործում է ամոնիումի պերռենատի (ռենիումի պարունակությունը 69,4 տոկոս) արտադրության արտադրամասը: Ներկայում  ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 208.4 հազ. դրամ:

Խոշոր հարկատուների ցուցակում «Արմենիան  մոլիբդեն փրոդաքշն»-ն զբաղեցնում է 155-րդ տեղը՝ վճարելով 602,7 մլն դրամ:  

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031