Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բակշի. «Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»

Մարտ 26,2013 16:24

Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի գրող և կինոդրամատուրգ կիմ Բակշիի հանդիպումը Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ուսանողության հետ, որը համատեղ կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի համալսարանի հայկական ուսանողական ընկերակցությունը: Սա «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում հանդիպումների նոր շարքի առաջին միջոցառումն էր: Հանդիպումը տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության օրերին:

 

«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը պետք է հայերին օգնի հասկանալու, թե ինչո՞վ պետք է հպարտանալ և ի՞նչ թերություններից ձերբազատվել

 

Հանդիպումը բացեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշեց, որ Կիմ Բակշին ավելի քան քառասուն տարի հայկական մշակույթն ու ձեռագրերը ուսումնասիրել է ոչ միայն Մատենադարանում, այլ նաև աշխարհի առաջատար հայագիտական կենտրոններում: Գրողի վերջին գիրքը`«Արցախի հոգևոր գանձերը»,  լույս է տեսել «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարում և նվիրված է Լեռնային Ղարաբաղին: «Այս գրքով Կիմ Բակշին ռուսաստանյան տեղեկատվական-քաղաքական դաշտում հավանաբար ավելին արեց, քան հայկական պաշտոնական ներկայացուցիչները», – նշեց Նավոյանը:

Նրա կարծիքով, մեկնարկող նախագիծը պետք է հայերին օգնի հասկանալու, թե իբրև ժողովուրդ և պետություն ինչո՞վ պետք է հպարտանալ և ի՞նչ թերություններից ձերբազատվել ու ընդլայնել հայերի բարեկամների շրջանակը:

Հասարակական գործիչ և Մոսկվայի համալսարանի երկու ուսանողների հայր Էդուարդ Գուլյանը, որի համար հանդիպումը յուրօրինակ «ծնողական ժողով» էր հանդիսանում, ուսանողների հետ կիսվեց «Արցախի հոգևոր գանձերը գրքից» իր տպավորություններով` կատարելով մեջբերումներ դրանից: «Քչերը գիտեն, որ Կիլիկիայի երեք դինաստիաներից երկուսի հիմնադիրները ղարաբաղցիներ են եղել: Կիմ Բակշին դա հրաշալի է ներկայացնում, ինչը, ինձ, իբրև ղարաբաղցու, շատ է ուրախացնում», – ընդգծեց Գուլյանը:

 

Կիմ Բակշի. «Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»

 

Կիմ Բակշին` Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտը, ուսանողներին անթաքույց բավականությամբ պատմեց հայկական հին մշակույթի ոլորտում իր բացահայտումների մասին: Հայկական ձեռագրերի և մարդկային ճակատագրերի մասին յոթ գրքերի հեղինակը ներկայացրեց Հայաստանի և նրա բազմաչարչար ժողովրդի նկատմամբ իր սիրո պատճառները:

Նա Հայաստանի մշակույթով առաջին անգամ հետաքրքրվել է, երբ այդ խորհրդային հանրապետության մասին Մոսկվայում քիչ բան գիտեին: «Մենք այն ժամանակ գիտեինք, որ Հայաստանը արևային է, այնտեղ հրաշալի երեքաստղանի կոնյակ են պատրաստում և որ Հայաստանը շատ հին երկիր է: Մեր երիտասարդ երկրի համար դա այն ժամանակ կարևոր նշանակություն ուներ: Եվ ես ցանկացա պատմել այդ հնության մասին», – նշեց Բակշին:

Հին հայկական մշակույթը ուսումնասիրելիս բնիկ մոսկվացի Կիմ Բակշին ցանկանում էր ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս են հայերը պահպանվել, այն ժամանակ, երբ նրանց ժամանակակիցները` ասորիները, բաբելոնցիները, անհետացել են իրենց պետությունների հետ միասին:

Զրկված լինելով ամեն ինչից` անկախությունից, պետությունից, բանակից, հարյուրամյակներով հայերը ենթարկվել են նվաստացման: Հայաստանի ուսումնասիրությունը Բակշիին թույլ է տվել մշակութաբանական եզրահանգում կատարել. «Հայ ժողովրդի ինքնապահպանման բանաձևը հետևյալն է. լեզու, կրոն, պատմություն և մշակույթ: Ահա այն հիմնական խարիսխները, որոնք պահել են հայ ժողովրդին և ինչի շնորհիվ էլ այն պահպանվել է», – համարում է գրողը:

Աստվածաշունչը հնարավորություն է տվել հայերին դուրս չմնալու եվրոպական մշակույթից: Իմաստության այն խտացումը, սիրո այն պատվիրանները, որոնցով ներարկված է այդ գրքի ամեն մի տողը, սիրո քարոզչություն է, որ Քրիստոսը տվեց իր աշակերտներին և ամբողջ աշխարհին: Հենց դրանք էլ փրկել են հայ ժողովրդին, համարում է Բակշին:

«Ես պնդում եմ, որ մշակույթը պահպանում է ժողովրդին: Նրան հեշտ է ոտնակոխ անել: Բայց աստիճանաբար այդ մշակութային շերտը սկսում է ահագնանալ: Գլխավորը, որ մշակույթն անում է մարդու հետ այն է, որ  թույլ չի տալիս որպեսզի մարդ գազանանա: Ահա նրա գլխավոր դերը», – համոզված է գրողը:

Կիմ Բակշին համոզված է. մշակութային այդպիսի ժառանգության տիրապետող ժողովրդին հնարավոր չէ հաղթել:

 

Ես ցավ եմ զգում, երբ ադրբեջանական ղեկավարները հայերին

«եկվոր ժողովուդ» են անվանում

 

            Ավելի քան քառասուն տարի Հայաստանի հին մշակույթի ուսումնասիրությանը նվիրած գրողը չի թաքցնում իր նեղվածությունը հարևան Ադրբեջանի ղեկավարության արտահայտություններից, երբ նրանք հայտարարում են, թե հայերը հանդիսանում են «եկվոր» ժողովուրդ: «Ինչպե՞ս թե նրանք եկվոր են, երբ ամբողջ Արցախը ծածկված է այն ժամանակների հին հուշարձաններով, երբ ոչ միայն ադրբեջանցիներ չկային Ադրբեջանում, այլ նույնիսկ այդ հասկացությունը գոյություն չուներ: Կար Իրանական Ադրբեջան, ուր լրիվ ուրիշ ժողովուրդ էր ապրում: Ամոթ է, երբ երկրի նախագահը նման բաներ է խոսում», – ասում է Բակշին:

Խորհրդային զինվորները, ովքեր Բաքվի և Սումգայիթի ջարդերի ժամանակ նետվել էին հայերին փրկելու, Ադրբեջանում ներկայումս զավթիչներ են անվանվում:  Նման հայտարարությունները չեն նպաստում երկու հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավմանը, այլ «խնդիրների կծիկ են ստեղծում»:

Կիմ Բակշին ընդգծեց, որ ինքը չի մասնակցում այդ խնդիրների լուծմանը, այդ կծիկը պետք է հայերն իրենք քանդեն: «Իսկ իմ խնդիրը հին ձեռագրերը թերթելն ու ձեզ այն մասին պատմելն է, թե նրանք ինչ հրաշալի են, ինչ լավ հոտ ունեն, ինչ հիանալի ձայն են հանում, երբ թերթում ես դրանց էջերը»:

Հիմքեր չկան անհանգստանալու հայկական մշակույթի ճգնաժամի համար

 Երկրի և ժողովրդի ազքատ վիճակը բնավ էլ պարադիր չէ, որ ուղեկցվի մշակույթի ցածր մակարդակով, դրա համար էլ հայկական մշակույթի հնարավոր ճգնաժամի համար հիմքեր չկան, համարում է Կիմ Բակշին: Դրա ակնհայտ վկայությունը է 13-րդ դարի Հայաստանն է: Սկզբում այնտեղ իշխում էին թուրք-սելջուկները, հետո նրանց փոխարինեցին մոնղոլները: Նրանք ավերեցին Անի քաղաքը, բնաջնջեցին Կարսի ողջ բնակչությանը: «Դրանով հանդերձ, 13-րդ դարը հայկական դասական ճարտարապետության դարն է, թեև, թվում է, որ այնտեղ նույնիսկ կենդանի մարդիք չպետք է մնային, ովքեր կարող էին այդ տաճարները կառուցել: Այդ ավերվածությունների և անվերջ ոչնչացման պայմաններում մարդիկ կարողացան իրենց մեջ այնքան սեր և համբերություն գտնել, որ ողջ Հայաստանը ծածկեն հիանալի վանքերով», – նշեց Կիմ Բակշին:

Հայերը պետք է հպարտանան, որ նույնիսկ սփռված լինելով ողջ աշխարհով մեկ, պահպանում են իրենց ինքնագիտակցությունը և չեն կորցնում կապը Մայր Հայրենիքի հետ: «Դուք գիտեք ձեր արմատները, ամեն ինչ գիտեք ձեր մասին, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովրդին մշակույթի ճգնաժամը չի սպառնում», – վստահ է Կիմ Բակշին:

 

Գլխավորն այն է, որ պատերազմ չլինի

Գրողի և կինոդրամատուրգի համար լուրջ մտահոգություն է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական հակամարտության հնարավոր սկսումը: «Երբ ես հանդիպեցի Հայաստանի նախագահին, նրան ասացի. «Եթե Ձեզ պետք լինի գոնե մեկ մարդ, ով կրակել գիտի, ապա կարող եք ինձ վրա հույս դնել», – պատմեց Բակշին:

Գրողը Երևանում շատ ընկերներ ունի և բոլոր շահագրգռված մարդկանց խնդիրն այն է, որ կանխեն պատերազը   այդ տարածաշրջանում:

 

Ելենա Խրուստալևա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031