Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով փորձ արվեց լռեցնել լրատվամիջոցներին

Մարտ 26,2013 15:48

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ըստ էության տապալվեց «Հարսնաքարի» գործով  ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի ցուցմունքներ տալը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված  եւ արդյունքում մահացած Վահե Ավետյանի եւ մյուս չորս տուժողների գործով  ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց, իսկ Դավիթ Ադամյանը նախորդ դատական նիստին էր ցուցմունք տվել: Պաշտպանական կողմը նախապայման դրեց դատարանի առաջ, որ իրենց պաշտպանյալները պատրաստ են ցուցմունք տալ, եթե նիստը լինի կամ դռնփակ, կամ չտեսանկարահանվի: Նրանք, մասնավորապես, փաստաբաններ Ավագ Լալայանը, Երեմ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը եւ հանրային պաշտպանի գրասենյակից Մարինե Թովմասյանը վկայակոչեցին այն հանգամանքը, թե վկաներ դեռ պետք է հարցաքննության կանչվեն եւ, բնականաբար, ամբաստանյալների ցուցմունքներին նրանք արդեն ծանոթ են լինում: Մարինե Թովմասյանի մեկնաբանմամբ՝ «լրատվամիջոցները ոչ թե լուսաբանում են, այլ իրավական վերլուծություն են իրականացնում, իսկ տեսաձայնագրառումները մեղադրական բնույթ են կրում»:

Ավագ Լալայանի գնահատմամբ՝ «որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրում են ցուցմունքները»: Մեղադրող Արթուր Դավթյանի կարծիքով՝ պաշտպանական կողմի  հիմնավորումները անհիմն էին եւ որեւէ հղում չկատարվեց, թե որ լրատվամիջոցն է խեղաթյուրել իրականությունը:

Վահե Ավետյանի հոր՝ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի կարծիքով՝ լրատվամիջոցների հետ հարցերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով եւ նա կատարվածը դիտեց որպես հրապարակայնության սահմանափակում:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հղում արեց վկաներին, որոնք դատարան էին ներկայացել եւ դատարանում  հայտնեցին, որ  լրատվամիջոցներից են ստացել որոշակի տեղեկատվություն:

Դատարանը մերժեց դռնփակ անցկացնելու, լրատվամիջոցների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու պաշտպանական կողմի առաջարկները: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց այդ առաջարկները, հորդորելով լրատվամիջոցներին՝ լինել առավելագույնս օբյեկտիվ:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանն ասաց, որ ինքը կաշկանդված չէ լրատվամիջոցներով, այլ ուզում է օգտվել իր իրավունքներից:

Դատական նիստին ակնհայտ էր, որ այսօր պաշտպանական կողմը պատրաստ չէր ցուցմունքներ տալու:

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը խնդրեց դատական նիստը հետաձգել, քանի որ մեկ այլ քրեական գործով (հետախուզվողի) ինքը պետք է ժամը 15.00 –ին մասնակցեր որոշակի պաշտպանական գործողությունների: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 29-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031