Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր . «Ինչ միամիտ նախագահ ունենք»

Մարտ 26,2013 15:26

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը զարմացել է մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցներից: Ուժային կառույցների վերաբերյալ ՄԻՊ-ի գնահատականները, ըստ ոլորտների, տիկին Սարգսյանի գնահատմամբ, դրական առաջընթաց են:

Այսօր «Փաստարկ» ակումբում տիկին Սարգսյանն ասաց, որ ավագանու ընտրությունները անկյունաքարային են լինելու ներքաղաքական զարգացումներում: «Չեմ ուզում ուրանալ Տարոն Մարգարյանի դրական աշխատանքը, միգուցե նա ծաղկազարդման ու տարբեր նստարաններ տեղադրելով է տեսնում Երեւանի շենացումը: Բայց ես Երեւանի զարգացումը տեսնում եմ, երբ Երեւանում չկան մուրացկաններ, երեւանցին աշխատանք ունի եւ ստիպված չէ լքել երկիրը, որ կարողանա հանապազօրյա հացը վաստակել, երբ կարողանար Երեւանի քաղաքապետարանում իր խնդիրներին լուծում տալ, հավանաբար քիչ կլինեին արտագաղթողները»:

ՀԱԿ պատգամավորի համոզմամբ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը շատ մեծ հնարավորություն ունի բավականին մեծ տոկոսներ հավաքելու. «Նա լրջագույնս զբաղվելու է հաշմանդամների խնդիրներով, տները կորցրած խաբված բնակիչների խնդիրներով: Դրանք նպատակներ են, որոնք կարելի է իրագործել, եթե ունենանք Վահագն Խաչատրյանին որպես քաղաքապետ»:

Տիկին Սարգսյանը, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի քաղաքական պայքարին, կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը. «Չենք տեսնում այն տրամաբանական քայլերի շարքը, որը կարող է նպաստել ժողովրդի հաղթանակին: Նրա որդեգրած քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է: Մեծագույն սխալ է, երբ հետընտրական գործընթացները վերածում է նախընտրականի….այդ նամակագրությունը Սերժ Սարգսյանի հետ ու այն պահանջները, որ ներկայացրել է, իրատեսական չէ: Այն ոլորտները, որ պահանջում է, իշխանությունը երբեւէ չի զիջի, որովհետեւ դրանք այն ոլորտներն են, որոնց վրա հենվելով՝ կարողանում են պահպանել իշխանությունը: Ես դա փոխզիջում չեմ համարում, դա վերածվելու է քաղաքական առեւտրի, նորից տեսնելու ենք ժողովրդի խորը հիասթափությունը»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հանդիպմանը լրատվամիջոցների հետ, տիկին Սարգսյանն ասաց՝ ինչ միամիտ նախագահ ունենք. «Նա հստակ ասաց, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն զերծ է մնացել օլիգարխներից, լավ՝ ով ով ,Սերժ Սարգսյանը լավ գիտի, ինչ մարդիկ են Աժ-ում: Ժողովրդին հիմարի տեղ դնել, կամ ստորացնել, ասելով չկան օլիգարխներ, երբ բոլորը գիտեն, թե անուն առ անուն ինչ գործարարներ կան ՀՀԿ ցուցակում ու ինչ ազդեցություն ունի իրենց ձայնը օրինագծերի ընդունման ժամանակ, այդքան անհարգալից վերաբերմունք չէի սպասում: Երբ խոսում է գաղջ մթնոլորտի մասին, ապշեցուցիչ եզրահանգում է կամ նա ոչ մի բանից տեղյակ չէ, իսկ նման դեպքում մեզ այդպիսի նախագահ պետք չէ, կամ էլ մեզ հիմարացնում է: Ով է ստեղծել երկրում գաղջ մթնոլորտ, եթե այդպիսին կա, եթե իշխանությունները չեն ստեղծել, ո՞վ է ստեղծել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031