Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Լրատվական ժուռնալիզմ» գրքի շնորհանդեսը:
«Սա լրագրողի մասնագիտական ձեռնարկ է, որը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանում լրագրողների որակյալ կրթության հարցում»-ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր իրենց համալսարանում սովորող ապագա լրագրողների համար բացառիկ տոն է. «Մենք տեղյակ ենք ռուսական, ամերիկյան եւ ինչ-որ չափով ֆրանսիական լրագրողական դպրոցի մասին, սակայն չգիտենք գերմանականի մասին: Այս գիրքը այն սովորելու լավ հնարավորություն է»:
Դասագրքի թարգմանության հարցում մասնագետները որոշ դժվարությունների են հանդիպել: «Մեծ հետաքրքրությամբ եմ աշխատել դասագրքի վրա, սակայն հիմնական դժվարությունն այն էր, որ գիրքը արտացոլում է գերմանական իրականությունը եւ հետեւաբար մենք որոշ փոփոխություններ մտցնելու կարիք ունեցանք», -հայտնեց Լ. Սարգսյանը:
Կարդացեք նաև
Վերջում ֆակուլտետի դեկանը հավելեց, որ հայերեն թարգմանված գերմանական դասագիրքը անվճար կտրվի համալսարանի առաջին եւ երկրորդ կուրսեցիներին, իսկ բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն կստանան գիրքը ձեռք բերել ԵՊՀ գրադարանից:
Մարինե ԱՂԱՍՅԱՆ