Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուշեղյան. «Քաղաքապետի աշխատանքը գնահատում եմ 1» (Տեսանյութ)

Մարտ 26,2013 15:00

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ասում է, որ նախագահական ընտրություններից առաջ ու ընտրության օրը Երեւան քաղաքի բոլոր ընտրատեղամասերում իրենց կազմակերպության կողմից անցկացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ընտրատեղամասերից միայն 31-ն են լիովին մատչելի  եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ինչպես նշում է «Ունիսոն» հ/կ նախագահը, տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ընտրատեղամասերը կազմում են մայրաքաղաքի ամբողջ տեղամասերի միայն 6 տոկոսը:

«44-ը հիմնականում մատչելի են, որոնք շուրջ 9-ը տոկոս են կազմում, այսինքն՝ նշանակում է, որ առանց օգնության դժվար է այնտեղ մտնել: Կան թեքահարթակներ, որոնք չեն համապատասխանում նորմերին»,-նշում է Ա. Ալավերդյանը՝ հավելելով, որ իրենց կազմակերպության կողմից փոխքաղաքապետին ուղարկված առաջարկությունների փաթեթում մանրամասն նշված է, թե ինչպես պետք է թեքահարթակներ սարքել հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի 38 ընտրատեղամասերում:

Կազմակերպության նախագահը հատկապես կարեւորում է Երեւան քաղաքի հին շենքերում հաճախ բացակայող թեքահարթակների առկայությունը, իսկ նորակառույցներում՝ հարթ մուտքերի:

«Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավորի օգնական Արման Մուշեղյանը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ավելի արագ կլուծվեին, եթե նրանք ավելի շատ ներգրավված լինեին գործադիր ու օրենսդիր մարմիններում: Նա նաեւ կարեւորում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որպես ընտրողների:

«Ես ինքս Աբովյան քաղաքից եմ, եւ մեր ընտրատեղամասը հարամարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց ես միշտ գնում եմ ընտրության»,-նշում է Աժ պատգամավորը:

Նշենք, որ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի անմատչելիությունը շարունակում է մնալ հաշմանդամություն ունեցող մարդկանց ամենագլխավոր հիմնախնդիրներից մեկը:

Aravot.am-ի այն հարցին, թե  հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերվող ինչ հիմնական խնդիրներ են լուծվել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարության տարիներին, «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ ինքը ապրում է Աբովյան քաղաքում եւ իրավասու չէ Երեւանի քաղաքապետի աշխատանքին գնահատական տալ:

Իսկ հինգ բալից ինչքա՞ն կգնահատեք գործող քաղաքապետի աշխատանքը հարցին ի պատասխան՝ նշեց. «Քաղաքապետի աշխատանքը գնահատում եմ 1»:

Արման Մուշեղյանը թեեւ նշեց, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետերից աչքի է ընկնում իր բաց գործունեությամբ, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի տրանսպորտի խնդիրը նրա օրոք եւս լուծում չստացավ:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031