«Մենք հարգանքով ենք վերաբերվում ՄԻՊ-ի կատարած աշխատանքին, բայց առնվազն տարօրինակ է քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքում չարաշահումներ մատնանշել, որովհետեւ դրանք միշտ եղել են հրապարակային եւ քաղաքապետարանը պարբերաբար հաշվետվություններով հանդես է եկել իր գործունեության մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտում արձանագրած չարաշահումներին:
«Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ: Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք: Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետևանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը և զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով: Թեև քաղաքապետարանը կատարել է աշխատանքներ` ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն, դրանք չեն լուծել ոլորտում առկա խնդիրները: Անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը»,- այս եւ բազում այլ թերացումներ է Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտում արձանագրել ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը, որի զեկույցը հրապարակվել է այսօր :
ՀՀԿ-ական պատգամավորը ասում է, որ քաղաքապետարանը հիմնականում արձագանքել է հանրային ամենատարբեր դժգոհություններին, որոնք մեծամասամբ լուծումներ են ստացել: «Անհրաժեշտ կլինի նաեւ հաշվի առնել մատնանշած խնդիրները, բայց միանշանակ չեմ կարծում, որ դրանք համապատասխանում են իրականությանը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ականները սվիններ ճոճում, երբ ամեն անգամ ՄԻՊ-ը փորձում է քիչ-թե շատ օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել մեր իրողությունների վերաբերյալ, Արտակ Զաքարյանը հակադարձեց. «Անկախ նրանից, թե ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած նյութերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՝ ոչ, մենք միշտ լուրջ եւ հարգանքով ենք վերաբերվել այդ ինստիտուտին, կարեւորում ենք նրա կայացումը: Իսկ տարբեր ոլորտների վերաբերյալ հաճախակի տարակարծությունները բնական եմ համարում, որովհետեւ տարբեր երեւույթների նկատմամբ երբեք չեն կարող միանշանակ կարծիքներ եւ մոտեցումներ լինել: Դրանում է հրապարակային պայքարի դրական արդյունքը: Բայց, ինքս հակված չեմ գնահատել, որպես քաղաքացի, որպես Երեւանում բնակվող մարդ, որ վերջին տարիներին քաղաքապետարանի գործունեությունն այդ ծավալի ու այդ կարգի թերացումներով պետք է գնահատվի: ՄԻՊ-ի զեկույցը, կարծում եմ, ոչ լիարժեք է եւ ոչ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը՝ հատկապես չարաշահումների մասով, քանի որ քաղաքապետարանի շուրջ երբեք չարաշահումների մասին գնահատականներ չեն եղել»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ անկախ ամեն ինչից բոլորս էլ առնչվում ենք քաղաքապետարանի հետ եւ գիտենք, որ խնդիրներ կան, ուստի ջայլամային քաղաքականությամբ դրանք չես թաքցնի, Զաքարյանը պատասխանեց. «Խնդիրներն այլ բան են, չարաշահումները՝ այլ: Խնդիրներ, իհարկե, կան, բայց ես հակված չեմ հավատալու, որ տեղի են ունեցել չարաշահումներ, միտումնավոր բացթողումներ եւ թերացումներ, որոնք, որ հատուկ մարդու իրավունքների խախտման բնույթ են կրել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԻՊ-ը մի բան էլ քիչ է գրել: Ով չգիտի, որ ամենակոռումպացված կառույցներից մեկն է Երևանի քաղաքապետարանը: Ու թող ՀՀԿ-ի ներկայացուցիչները նման անմեղ դեմքերով չզարմանան, ավելի շուտ՝ ցույց չտան, որ զարմացած են:
Ամեն անգամ ՀՀԿ -ական որևէ գործչի, այդ թվում և նախագահի մեկնաբանություն կարդալուց տպավորություն է, որ ամբողջ ժողովուրդն ապրում է մի մոլորակի վրա, իսկ ՀՀկանները` միանգամայն անհայտ ու միայն իրենց տեսանելի մոլորակի վրա: Մենք իրենց իրականությունը չենք տեսնում, իրենք` մերը: Ֆանտաստիկ ֆիլմի համար լավ սցենար է: