Ռուբեն Հակոբյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին հաջորդ նամակում խուսափի հում, եփած եւ նման բառերից
Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին՝ եթե բանակցությունները կայանան, հնարավո՞ր է կոմպրոմիսի գնաք, ասենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջի շուրջ, զիջեք այդ պահանջը՝ նա պատասխանեց. «Անշուշտ, դա մտնում է բանակցությունների մշակույթի մեջ: Հենց դրա համար է երկխոսությունը: Բայց պետք է տարբերել՝ երկխոսությունը այլ բան է, բանակցությունը՝ այլ, համագործակցությունը՝ այլ»: Ըստ պարոն Հակոբյանի, մինչ հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ էր խոսել, հանդիպել Սերժ Սարգսյանի հետ ցանկացած տեղ, բայց, հասկանալի է, որ հացադուլից հետո նոր իրավիճակ է: Եվ հասկանալի է, որ Ազատության հրապարակում կարող են գտնել նաեւ տեղեր, եթե հարմար կգտնեն երկուսով զրուցել, այդ հնարավորությունն էլ կա»:
Անդրադառնալով հացադուլը դադարեցնելու Սերժ Սարգսյանի նախապայմանին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ բոլորը տեսնում են Րաֆֆի Հովհաննիսյանի վիճակը. «Ես կարծում եմ, որ ամեն վայրկյան՝ նույնիսկ այս պահին շատ-շատ ծառայություններ պարզ տեսնում են ինչ է կատարվում եւ տեսնում են Րաֆֆի Հովհաննիսյանի ֆիզիկական վիճակը: Եթե որեւէ մեկը կկասկածի, որ ինքն ավելի առողջ է, ավելի բանական է դատում, ֆիզիկապես ավելի առույգ է, որ նստած են կաբինետներում, ես պետք է ասեմ, որ իրենք թյուրիմացության մեջ են: Պետք չի ասել՝ կազդուրվեք, հետո զրուցենք»:
Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ հում շարադրանք արտահայտությունը Սերժ Սարգսյանինը չէ. «Ես չգիտեմ՝ ով է խորհուրդ տվել, որ պարոն Սերժ Սարգսյանը հում առաջարկություն ասի: Ինքը այդպիսի բառ չէր գրի: Նայեցիք չէ՞, մեր պատասխանի մեջ չկար՝ ձեր շատ եփած առաջարկությունները: Ուղղակի պետք է ասել, որ եթե ցանկություն կա, պոզիտիվ է տրամադրությունը երկխոսության, պետք է խուսափել այն բառերից, որոնք կարող են խոչընդոտել: Եթե նոր պատասխան կլինի, խորհուրդ կտա այդ հում, եփած բառերից հեռու մնա եւ այդ հում բառերը վերագրի այն խորհրդականներին, ովքեր խորհուրդ են տալիս այդպիսի բառեր օգտագործել՝ այս փաստաթղթերը կազմելիս»:
Կարդացեք նաև
Թե որն է Րաֆֆի Հովհաննիսյանի նվազագույն նշաձողը պահանջների՝ Ռուբեն Հակոբյանը չմանրամասնեց եւ չպատասխանեց այդ հարցին, նշելով, որ իրենք համակարգային լուծումներ եւ մոտեցում ունեն:
Այսօր ՀՀ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրավիրած ասուլիսում դիտարկում էր արել, որ քանի կար՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ էր, հիմա մի քանի նախարարություններ է ուզում, ժողովրդին էլ պատանդ է պահել Ազատության հրապարակում: Այս առնչությամբ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց Գալուստ Սահակյանին. «Իհարկե, լուրջ պատասխանել դժվար է, բայց կարծում եմ՝ այստեղ թյուրիմացություն կա: Նախագահ եւ նախարար բառերը ն տառով են սկսում, երեւի շփոթել է, մի հատ նորից հարցրեք»: Պատասխանելով Գալուստ Սահակյանի դիտարկմանը, որ 8 պաշտոն ուզելը ծաղր է՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ծաղր չէ, ողբերգություն է, որ ժողովրդին կհասցնեն արդեն այն մակարդակին, այն, ինչ կատարվել է ժողովրդի հետ այս 20 տարիների ընթացքում, որ զուտ իրենց վերարտադրման համար անտեսել են, ոտնահարել են պետականության շահը, դա ողբերգություն է»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Դուք ասում էիք, որ ձեր քայլերը պետք է հանաձայնեցնեք ժողովրդի հետ, բայց մենք տեսանք, որ առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու, դուք նամակը տարել եւ արդեն հանձնել եք Սերժ Սարգսյանին: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ քննադատությունը լուրջ չի ընդունում, որովհետեւ իրենք միշտ ասել են, որ կողմ են, որ թնջուկը, լարվածությունը լուծվի երկխոսության միջոցով, ժողովուրդն էլ ծափողջույններով է ընդունել դա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ