Այս տարի հոբելյանական է վաստակավոր կոլեկտիվ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի ժողովրդական անսամբլի համար. լրանում է կոլեկտիվի 75-ամյակը:
Անսամբլը, ոչ ավել-ոչ պակաս, անդրադարձել է Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա- բալետին: Սրանից հետեւում է, որ ավելի քան յոթ տասնամյակ միայն կանգնած դիրքով հանդես եկող երգչախումբը հիշյալ մեծակտավ ստեղծագործության սյուժեն հանդիսատեսին հասցնելու համար հավանաբար պետք է խաղա բեմում: Երգի-պարի անսամբլում մեկ-երկու անգամ ոչ մեծամասշտաբ գործերում ժամանակին կատարվել են նման փորձեր, օրինակ՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարած տարիներին «Հարսանյաց պատկերներում» երգչախումբը «շարժվում» էր բեմում, նույնը նաեւ Թաթուլ Ալթունյանի օրոք՝ «Ղափամա» կատակ-երգի բեմադրման ժամանակ:
Ազգային օպերային թատրոնում Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի պրեմիերան կայացել է 1976թ.՝ անվանի բեմադրիչ Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով եւ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի ղեկավարությամբ: Դավիթի դերում էլ հանդես է եկել հենց Գալստյանը: Իսկ «Սասունցի Դավիթ» էպոսն ընդհանրապես էկրան կամ բեմ բարձրացնելու առաջին մտահղացումը ծնվել է 1969թ.՝ Փարաջանովի մոտ, սակայն ինչ-ինչ պատճառներով լիբրետոն մերժվել է:
«Առավոտը» հանդիպեց Երգի-պարի անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանի հետ՝ տեղեկանալու, թե ո՞ւմ մտահղացումն է անդրադարձը օպերա-բալետին եւ ընդհանրապես, ինչպե՞ս է կոլեկտիվը «դուրս եկել» այդ բարդագույն ստեղծագործության «տակից»:
«Անցյալ տարի ծրագրել եւ իրականացրինք սասնա երգերի ու պարերի շարան: Այս ծրագրի հանձնման ժամանակ մշակույթի նախարարը դիմելով մեր անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանին, գլխավոր բալետմայստեր Հովհաննես Խաչիկյանին եւ ինձ՝ ասաց, թե ինչո՞ւ հենց Երգի-պարի անսամբլը չանդրադառնա էպոսին: Ճիշտն ասած, տարակույս եղավ, օրինակ, Ալթունյանը կասկածում էր, թե օպերա-բալետի հնչողությունը մեր դեպքում ինչպես կստացվի, իսկ Խաչիկյանն, ընդհակառակը՝ ոգեւորվել էր: Այդ զրույցին ներկա ռեժիսոր Արամ Սուքիասյանն էլ հենց հաջորդ օրը մեզ տրամադրեց հովհաննիսյանական «Սասունցի Դավիթի» DVD-ն, կարճ ասած՝ լցվեցինք աշխատանքի»,-մանրամասնեց Աշոտ Տիգրանյանը:
Հետաքրքրությանը, թե ինչպես է սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված երկը հնչեցնում ժողգործիքների նվագախումբը, մեր զրուցակիցն ասաց, որ իրենց նվագախմբում ընդգրկված են նաեւ լարային գործիքներ (ջութակ, թավջութակ), դուդուկահարներն էլ տիրապետում են փողային նվագարաններին: Ի դեպ, Ժիրայր Ալթունյանը կատարել է սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկի փոխադրումը: Երգի-պարի անսամբլի տնօրենը հավելեց, որ ապրիլ-մայիս ամիսներին ազգային օպերային թատրոնում հանդիսատեսին կներկայացվի էպոսից միայն Մեծ Մհերից մինչեւ Դավիթի ծննդի հատվածը, իսկ գործն ամբողջությամբ պատրաստ կլինի աշնանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ