Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թումանյանը՝ համամարդկային արժեքներով ու փիլիսոփայությամբ

Մարտ 26,2013 14:16

90 տարի է անցել այն օրվանից, երբ երկրային աշխարհին հրաժեշտ տվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այդ 9 տասնամյակ բաժանող տարիները ոչ թե հեռացրել, այլ ընդհակառակը՝ նրան ավելի ու ավելի են մոտեցրել ընթերցողին:

Այս իրողությունն էին ընդգծում Թումանյանի հիշատակի ոգեշնչման միջոցառման մասնակիցները, ովքեր հավաքվել էին Խնկո-Ապոր անվան գրադարանում: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, «Էդիթ-Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, բանաստեղծներ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը եւ մյուս ելույթ ունեցողները ներկայացրին Թումանյանի գրական ժառանգության՝ միշտ ընթերցողներին մոտիկ գտնվելու իրողությունը: Նրանց ընդգծմամբ՝ յուրաքանչյուր ընթերցող, անկախ տարիքից, թումանյանական աշխարհում գտնում է իր սիրելի անկյունը:

Այս ամենն ավելի ակնառու եւ հասկանալի դարձավ, երբ բեմահարթակը տրամադրվեց երեխաներին՝ Խնկո-Ապոր անվան գրադարանի սաներին, Երեւանի Գագիկ Ստեփանյանի եւ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների աշակերտներին: Նրանք ձգտել էին Թումանյանի ստեղծագործությունների բովանդակությանը հաղորդել նոր, ժամանակակից հնչեղություն եւ ձեւ: Ոգեկոչման միջոցառման մասնակիցներին Խնկո-Ապոր անվան գրադարանի նախասրահում դիմավորում էր թումանյանական գրքերի ցուցահանդեսը, ուր ներկայացված էին «Էդիթ-Պրինտ» հրատարակչության 37 գրքերը: Այդ ամենը լույս է տեսել 3 տարվա ընթացքում: «Թումանյանական հրատարակչությունները, որ իրականացնում ենք բանաստեղծի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ համատեղ, կշարունակենք նաեւ ապագայում»,- ասում է «Էդթ-Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը:

«Նման իրադարձությունները մեզ հնարավորություն են ընձեռում ետ նայել եւ ծանրութեթեւ անել մեր մեծերի թողած գրական ժառանգությունը,- ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- նորօրյա ավանդույթների ձեւավորումը, որոնք մեզ պատգամում են ապրել թումանյանավարի, այն համամարդկային չափանիշներով ու փիլիսոփայությամբ, որոնք այդքան շռայլորեն իր ընթերցողներին է փոխանցել Մեծն Թումանյանը»:

ՄԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031