Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ռազմական բյուջեն փող լվանալու ամենաէֆեկտիվ միջոցն է». Դավիթ Ջամալյան

Մարտ 26,2013 14:13

«Բա տենց  հզոր եք` ինչո՞ւ չեք սկսում պատերազմ, որովհետեւ ռազմական բյուջեն որակի չի վերածվել»

Ադրբեջանում հասունանում է ներպետական եւ ներիշխանական ճգնաժամ եւ  պետական կազմալուծման որոշակի նախանշաններն են ի հայտ գալիս: Այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, այդ ճգնաժամով էլ պայմանավորված պատերազմի վերսկսման հավանականությունը նվազում է:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ` այն որ խոսվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ որոշակի հակասությունների մասին, պատճառը պետք է որոնել ադրբեջանական կլանի քրդական ծագում ունենալու հետ: Պարոն Ջամալյանի խոսքերով` «Հակասությունների հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան հետեւողականորեն փորձում է հասնել նրան, որ պաշտոնական Բաքուն ճանաչի քրդական աշխատավորական կուսակցությունը` իբրեւ ահաբեկչական կառույց, իսկ Բաքուն չի գնում այդ քայլին, որովհետեւ կան հավաստի տվյալներ, որ անուղղակիորեն կամ անգամ բացահայտորեն աջակցում է նաեւ դրա կազմավորմանը: Այստեղ շատ կարեւոր հետեւություն կա` Ադրբեջանը Անդրկովկասի թուրքերի պետություն է, եւ սկզբունքորեն ռազմավարական եւ մարտավարական հակասություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չեն կարող լինել»:

Aravot.am-ի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից անընդհատ շեշտվող ռազմական հզոր բյուջեն որքանով է սպառնում պատերազմի վերսկսմանը, փորձագետն ասաց, որ բյուջեն ի ցույց դնելն ավելի շատ քարոզչություն է, քան սպառնալիք, սակայն չի կարելի  թերագնահատել թշնամում. «Այդ ուռճացված ռազմական բյուջեն պոտենցիալ առումով կարող է նաեւ որակ դառնալ, մենք պետք է անընդհատ աչքի առաջ ունենանք ամենա բացասական սցենարը:  Առհասարակ ադրբեջանական ռազմական ուժերում կոռուպցիան հասնում է ուղղակի զարհուրելի, ֆանտաստիկ չափերի: Ադրբեջանով զբաղվող մասնագետներն էլ կարծում են, որ դա փող լվանալու ամենաէֆեկտիվ միջոցներից մեկն է, բայց նման բյուջեի մասին անընդհատ խոսելն ավելի շատ քարոզչական նպատակ է, որպեսզի խթանեն Հայաստանում հակաարցախյան դիրքորոշումներ` տվեք Արցախը եւ հանգիստ ապրեք, տեսեք մենք ինչքան հզոր ենք, հարուստ ենք, դուք աղքատ եք, տվեք թե չէ պատերազմը կսկսենք: Այս քարոզչական թեզն արդեն հասցրել է զզվացնել ու ձանձրացնել: Շատ տրամաբանական հարց է առաջանում ` բա տենց հզոր եք` ինչու՞ չեք սկսում պատերազմ»:

Փորձագետի ներկայացմամբ, նման հարց նաեւ հենց Ադրբեջանում էլ են բարձրացրել, երբ զորավարժությունների ժամանակ խոսվել է հզոր զենքերի մասին, լրատվամիջոցներից մեկն էլ նույն հարցադրումն է արել` բա ինչո՞ւ չեք սկսում պատերազմ: Իսկ պարոն Ջամալյանն այդ հարցին այսպես է պատասխանում` «Որովհետեւ այդ ռազմական բյուջեն չի վերածվել որակի, այսինքն չի հանգել մեր հանդեպ ռազմական գերազանցության, իսկ Ադրբեջանը չունի այդ գերազանցությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031