Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապրիլի 9-ին

Մարտ 26,2013 14:10

ՀՅԴ-ն դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, թե՝ ոչ

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր խոսելով ներքաղաքական իրավիճակի եւ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրության, դրա հետագա զարգացումների մասին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, որը պահանջում է  հանգուցալուծում: Ինչ-որ մի բան տեղից շարժվել է: Մեզ համար հիմնականը այն լուծումներն են, որոնք փոփոխություններ կբերեն: Գործող իշխանությունը պակաս պատասխանատվություն չպետք է ունենա՝ իրավիճակից դուրս գալու համար»: ՀՅԴի-ի առաջարկություններն արդեն բոլորը գիտեն. դրանք այն յոթը կետերն են, որ առաջարկվել էին դեռ նախագահական ընտրություններից առաջ: Ինչով կավարտվի այս ամենը, Վարդանյանը չի կանխատեսում. «Կապրենք՝ կտեսնենք»: ՀՅԴ-ն գնալո՞ւ է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը՝ նույնպես՝ «կապրենք՝ կտեսնենք»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ՀՅԴ-ն մասնակցի Ազատության հրապարակում կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Վարդանյանը պատասխանեց.«Դուք ինձ կարո՞ղ եք ասել, թե ապրիլի իննին որտեղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես չգիտեմ, թե ապրիլի իննին ի՞նչ կլինի: Ընտրությունները ավարտվել են, դաշնակցությունն արել է հայտարարություններ: Մենք այն տեսակը չենք, որ միկրաֆոն տեսնենք, վազենք , գնանք դա օգտագործենք:  Աբսուրդ կլինի, եթե մենք գնանք Ազատության հրապարակում ասենք մի բան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այլ բան»: Վարդանյանը նաեւ հիշեց մի միջադեպ՝ ՀՅԴ-«Ժառանգություն» հարաբերություններում. երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր իր ծրագիրը ներկայացնել, «Ժառանգությունից» ՀՅԴ-ին հարցրել էին՝ հնարավո՞ր է այդ օրը ցանկանան հարթակից ելույթ ունենալ: ՀՅԴ-ում տարակուսել էին՝ թե առանց Րաֆֆիի աելիքը իմանալո՞ւ… Աղվան Վարդանյանը նկատեց, որ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքն ու քայլերը իրենց համար հստակ եւ տեսանելի չեն. «Մենք այսօր էլ շարժման հետ ենք, ժողովրդի հետ ենք, և եթե ասելիք կունենանք՝կասենք»,-վստահեցրեց նա՝ հավանաբար նկատի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա հնարավոր քայլերի տրամաբանությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031