Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ներկայացուցիչների դիմումների հիման վրա գործի դատաքննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը

Մարտ 26,2013 14:09

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործը: Դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող` ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դիմող կողմի լիազոր ներկայացուցիչները միջնորդել են դատաքննության օրը փոխադրել մոտակա այլ օր և գործի քննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով:

ՍԴ-ն խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննարկելու արդյունքում որոշեց գործով քննությունը հետաձգել մինչև ապրիլի 30-ը: Բանավոր ընթացակարգով դատաքննությունը կազմակերպելու մասով միջնորդությունը մերժվեց:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով` դատական ակտերի և գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով, նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

«Այս գործով մենք վիճարկում ենք այն նորմերի սահմանադրականությունը, որոնք թույլ չեն տալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա քրեական գործերով վերանայել դատական ակտերը և վերանայման արդյունքում դատական ակտերը բեկանել, ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ»,- «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց նաև, որ իր և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ղազարյանի միջնորդությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ իրենք ներկայացրել են նաև Սահմանադրական դատարան մեկ այլ դիմում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անունից, քաղաքացիական ոլորտում այս նույն նորմերի սահմանադրականության վերաբերյալ: Այս դիմումի վարույթ ընդունման հարցը դեռևս լուծված չէ:

Ըստ Ա.Զեյնալյանի՝ որոշակի հավանականությամբ այդ գործը կարող է վարույթ ընդունվել, և ավելի արդյունավետ կլինի, եթե մեկ վարույթում միավորվեն ՀԱԿ-ի ներկայացուցիչների և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումները, քանի որ դրանք «նույն ինստիտուտի բաղկացուցիչ մասերն են կազմում»:

«Մեր միջնորդությունը վերաբերում էր նրան, որ ինչ-որ տեղ բեռնաթափենք Սահմանադրական դատարանին և գործի քննությունը դարձնենք ավելի արդյունավետ, նաև ավելի շահագրգիռ քննարկում լինի»,- պարզաբանեց Ա.Զեյնալյանը:

Ըստ նրա՝ բացի այդ, Ազգային ժողովը որպես պատասխանող կողմ ներկայացրել է իրավական դիրքորոշումներ, որոնք հարցեր են առաջացնում: «Իրավական դիրքորոշումների էությունը հետևյալն է. այդ նորմը, այսպես թե այնպես, թույլ չի տալիս, որպեսզի օրինական ուժի մեջ մնա այն դատական ակտը, որով կիրառված նորմը կամ այն փաստերը, որոնց վրա հիմնվում է այդ դատական ակտը, գնահատվել են ՍԴ-ի կամ ՄԻԵԴ-ի կողմից և ճանաչվել են ոչ իրավաչափ, և այն պետք է բեկանվի: Սակայն իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ դեռևս ոչ մի դատական ակտ չի բեկանվել, կամ, եթե անգամ բեկանվել է, վերջերս մտած այդ նոր իրավակարգավորումից հետո որևէ ակտ չի բեկանվել: Այսինքն` պրակտիկայում բացարձակ արգելք է դրված, բացարձակ հնարավորություն է տալիս դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ, որով կիրառվել է հակասահմանադրական նորմ կամ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է արձանագրվել: Դրա վերաբերյալ, մենք կարծում ենք, որ պետք է պարզաբանումներ տրվեն, նաև ասված է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում այդպիսի կարգավորումներ կան, որոնք, մեր կարծիքով, ինչ-որ տեղ կարող են հակասել Սահմանադրական դատարանի նախկինում կայացրած ակտերին, իրավական դիրքորոշումներին և կոնֆլիկտ առաջացնել առաջիկայում ևս: Հիշեցնեմ, որ այս ինստիտուտն արդեն 4-5 անգամ ՍԴ-ում վեճի առարկա է դարձել և որոշ նորմեր արդեն մի քանի անգամ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել»,- ընդգծեց Ա.Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը ՍԴ-ի կողմից մերժելուն, ապա Ա.Զեյնալյանը կարծում է, այս գործում կարիք կա, որպեսզի ՍԴ-ն ուղղակիորեն լսի ԱԺ-ի ներկայացուցիչներին: «Նույնիսկ կարծում եմ` այնքան կարևոր հարց է քննարկվում, որ ճիշտ կլինի, եթե ԱԺ-ն ներկայացված լինի պատգամավորի մակարդակով, և ցանկալի է, որ նա լինի այն հանձնաժողովից, որը ստեղծվել է խորհրդարանում ՍԴ-ի որոշումները կատարելու խնդրով զբաղվելու համար»,-ասաց Ա.Զեյնալյանը:

Նշենք, որ ՍԴ-ում Ազգային ժողովի ներկայացուցիչներն են խորհրդարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության երկու մասնագետներ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031