Ըստ Համազգային թատրոնի տնօրենի` հեռուստատեսային ագրեսիվ հարվածը փոխել է թատրոնի հանդեպ ընկալումը
«Թատրոնի մասին միայն մարտի 27-ին են հիշում, իսկ վերջին տարիների հեռուստատեսային ագրեսիվ հարվածը մարդկանց մոտ էական փոխեց թատրոնի եւ դերասանի հանդեպ ընկալումը,-այսօր «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ապա հավելեց,-այսօր էկրանին հայտնվող մարդը դերասան է համարվում, մինչդեռ այդպես չէ: Թատրոնը մեծ անելիք ունի մարդկանց գիտակցությունը փոխելու գործում: Հանդիսատեսը միշտ էլ կապ ունի թատրոնի հետ` ինչքան տեխնոլոգիաներ էլ կիրառեն եւ ինչ սերիալ էլ նկարեն: Թատրոնը երբեք չի զիջելու իր տեղը»:
Պարոն Մկրտչյանի դիտարկմամբ` ռուսական կողմնորոշում ունեցող հայկական թատրոնն ընդհանուր առմամբ նախանձելի վիճակում է` եվրոպական եւ ամերիկյան համակարգերի թատրոնների համեմատությամբ. «Մեր թատրոնների գերակշիռ մասն ունի պետական սուբսիդավորում եւ հանդիսատեսին էժան տոմս վաճառելու հնարավորություն: Միջին աշխատավարձ ստացող մարդն էլ կարող է իրեն թույլ տալ ամիսը մեկ անգամ հաճախել թատրոն: Խնդիրը հանդիսատեսին հասանելի դառնալու մեջ է: Այստեղ է, որ բախվում ենք հեռուստատեսության հետ: Բացի այդ, մենք նաեւ մշտական խումբ պահելու հնարավորություն ունենք: Խումբը տարիներ շարունակ կարող է միեւնույն ներկայացումն անընդհատ խաղալ եւ զարգացնել այն, իսկ դրսում կա արտադրանք եւ արտադրանքի ժամկետ»:
Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ շուտով Համազգային թատրոնը հյուրախաղերով մեկնելու է Լիբանան` «Մի գավաթ բարություն» պիեսը ցուցադրելու համար, իսկ մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին կցուցադրվի նոր ներկայացում` Չեխովի «Քեռի Վանյան»:
Կարդացեք նաև
Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը փաստեց, որ այսօրվա հանդիսատեսն էապես տարբերվում է նախկին հանդիսատեսից. «Ճիշտ չէ ասել, թե հանդիսատեսը միջակություն է պահանջում: Ինչ տալիս ես, այդ էլ հանդիսատեսն ուզում է տեսնել»: Դերասանուհին ասաց, որ Համազգային թատրոնն ունի իր ձեւավորված հանդիսատեսը. «Մինչդեռ ուսանողության տարիներին թաքուն երազում էինք այդ մասին»:
Վարդան Մկրտչյանի խոսքով. «Հանդիսատեսը շատ է սիրում իր անցյալի եւ պատմության մասին ներկայացումներ: Այս առումով «Հացի խնդիր» ներկայացման հաջողությունը պատահական չէ: Մարդիկ ուզում են իրենց տեսնել բեմի վրա` բոլոր դրական եւ բացասական կողմերով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ