«Երազելը վատ բան չէ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հիշելով Գարուշ Հարյանցի բանաստեղծության հետեւյալ տեղերը. «Անհնար է նստած վազել, հարկավոր է ճիշտ երազել»: Այս համեմատությունը առաջացրեց լրագրողների ծիծաղը: Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական հորիզոնականը զբաղեցնեղ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարել է, որ քաղաքային ընտրություններում հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ-ի նեւ ՕԵԿ-ի միջեւ, թեեւ այդ ընտրութուններին մասնակցում են նաեւ չորս ընդդիմադիր ուժեր: Հովհաննես Շահինյանը նաեւ գովասանքի խոսքեր էր հնչեցրել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հասցեին:
«Թող մրցակցեն: Թող ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մրցակցեն: Ես վստահ եմ, որ այդ մրցակցությունը ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ դուք բազմիցս տեսել եք»,- հեգնեց Աղվան Վարդանյանը՝ ի՞նչը նկատի ունեք հարցին առավել խրոխտ ձայնով պատասխանելով. «Նկատի ունեմ մրցակցությունը ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ»: Վարդանյանը գտնում է, որ ՕԵԿ-ականի այդ գնահատականը բացարձակապես իրականության հետ կապ չունի՝ անկախ նրանից, թե ո՞վ եւ հիմա որտեղի՞ց է դա ասում: Նա հավանաբար նկատի ուներ այն, որ Հովհաննես Շահինյանը նախկին ՀՀԿ-ական է: Եթե Տարոն Մարգարյանն այսօր որեւէ թերություն չունի, ապա Վարդանյանի համար առնվազն անհասկանալի են ՕԵԿ-ի առաջին համարի հայտարարությունները, որ իրենք գալիս են հաղթելու եւ քաղաքապետարանը վերցնելու: Ի դեպ, Աղվան Վարդանյանը ՕԵԿ-ի ցուցակի առաջին համարին՝ Արմեն Երիցյանին լավ է վերաբերվում եւ գտնում է, որ նա կառավարման համակարգում լավ է աշխատում: Ինչ մնում է Տարոն Մարգարյանին. «Տարոն Մարգարյանը ժամանակի պայմաններում եղել է շատ լավ թաղապետ Ավանում, կարծում եմ, որ այս ընտրություններից հետո ինքը նորից կարող է վերադառնալ եւ Ավանում լավ թաղապետ լինել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ