Կենդանասերների միջոցներով ստեղծված այդ կացարանում ապաստան են գտել անգամ հրացանի գնդակը մարմնում շներ:
Կենդանասերները տարիներ շարունակ ահազանգել են ու հիմա էլ ահազանգում են, որ թափառող կենդանիների հիմնախնդիրը մեր երկրում ոչ միայն չի լուծվում, այլեւ ավելի է խորանում: Պատճառը, ըստ մասնագետների, թափառող կենդանիների գլխաքանակի զանգվածային ոչնչացումն է: Հայաստանում թափառող շների միակ ապաստարանը գտնվում է Արին-Բերդ 17 ա հասցեում: Ապաստարանը հիմնվել է կամավորների ջանքերով ու գործում է 2003 թվականից:
«Սպանդից փրկված են այստեղի բոլոր շները: Որոշները զանգով են հայտնվել այստեղ, կան նաեւ հրազենից տուժածներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կացարանի նախաձեռնող-հիմնադիր Նունե Մեհրաբյանը՝ մատնացույց անելով մի շան, որի մարմնի մեջ դեռես գտնվում է կրակված գնդակը:
Մասնագիտությամբ երաժիշտ Նունեն անընդունելի է համարում Հայաստանում թափառող շների դեմ պայքարի՝ շուրջ 30 տարի գործող միակ տարբերակը՝ սպանդը: Ըստ նրա՝ գիտականորեն ապացուցված է, որ կենդանիների զանգվածային ոչնչացումը միայն հանգեցնում է տեսակի բազմացման ու ագրեսիվացման. «Այն շունը, որ հրաշքով փրկվում է սպանդից, արդեն հոգեպես շեղվում է եւ շատ ավելի ոչ ադեկվատ է դառնում մարդկանց համար: Ինքնապահպանման բնազդով զգալով, որ իրենք արդեն ոչնչանում են, էգերը չորս ձագ ունենալու փոխարեն ութ ձագ են ունենում»:
Կարդացեք նաև
Կենդանասերի խոսքերով՝ շների կացարանն ունի 2 վիրահատարան, որտեղ շները ստանում են անասնաբուժական օգնություն, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում ստերիլիզացվում են: Նունեն էլ է փաստում, որ թափառող շները հատկապես ագրեսիվ են դառնում գիշերները, երբ շրջում են ոհմակներով ու կարող են վնաս պատճառել անցորդներին ու շենքերի բնակիչներին, բայց նրա կարծիքով՝ շների այդպիսի ագրեսիվ պահվածքն իր բացատրությունն ունի.
«Իսկ ի՞նչ արեցինք մենք, որ դա չլիներ: Մենք զգուշացնում էինք, որ դա լինելու է: Եթե բակ է գալիս շուն, շատ արագ բազմանում է, ծննդաբերում է: Ինչ են անում իրենք, գալիս, «խփում», տանում են: Ի՞նչ է փոխվում: 1-2 օր հետո նույն բակ է գալիս մեկ այլ շուն, ու պատկերը անընդհատ փոխվում է: Ավելի լավ չէ՞ նույն շունը մնա բակում՝ ստերիլիզացված ու խնամված եւ բակում թույլ չտա ոհմակային կուտակումներ»: Ըստ նրա՝ գիշերային կրակոցները հատկապես երեխաների համար կարող են դառնալ վախի ու անհանգստության պատճառ:
Կացարանում, ինչպես նշում է Նունեն, ապրում են շուրջ 220 շուն, որոնց թիվը անընդհատ փոխվում է՝ կամ ավելանում է, կամ որոշ շների որդեգրում են: Կացարանի շներից գրեթե բոլորը կացարան գալու հետ մեկտեղ նաեւ անուններ են ձեռք բերել՝ Պուտին, Վիցին, Շուշան, Լուչո եւ այլն: Նունեի համոզմամբ՝ շներին վանդակներում պահելը նույնպես ճիշտ չէ. «Ինձ համար էլ այս տեսարանը հաճելի չէ: Իրենք բոլորը օրվա մեջ շատ քիչ են ման գալիս: Ես ինքս բացել եմ կացարանը, բայց կարծում եմ, որ ամեն շուն պիտի ապրի ազատության մեջ: Սա էլ չեմ համարում բարի դրսեւորում կենդանիների հանդեպ, բայց հայերը ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում ցեղական շների հանդեպ»: Ըստ Նունեի՝ երիտասարդներն ավելի սրտացավ են շների հանդեպ, ինչի ապացույցն է իրենց կազմակերպության ֆեյսբուքյան էջի միջոցով որդեգրված կենդանիների քանակը:
Նշենք, որ 2006 թ.-ից ՀՀ պետգնումների գործակալության անցկացրած մրցույթը շահած «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն տարեկան պետբյուջեից ստանում է 180 միլիոն դրամ՝ թափառող շների ծրագիրն իրականացնելու համար: Ինչպես նշում է ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը, քաղաքացիների պահանջը իրենց ընկերությունից մեկն է՝ ազատել իրենց թափառող կենդանիներից:
«Մեզ զանգող քաղաքացիների մոտ 90%-ն անգամ չի էլ ցանկանում իրենց շրջապատում տեսնել ստերիլիզացված կենդանիների, եւ մեր աշխատակիցներից հաճախ մեծ ջանքեր են պահանջվում ստերիլիզացված կենդանուն տվյալ բակ վերադարձնելու համար»,- ասում է Լ. Գրիգորյանը: Ըստ նրա՝ 1 թափառող կենդանու ստերիլիզացման համար անհրաժեշտ է 9500 դրամ, իսկ վնասազերծման համար՝ 3500 դրամ:
Մայրաքաղաքում դեռեւս չդադարող գիշերային կրակոցները «Յունիգրաֆ-Իքս»-ի տեղեկատվության հարցերով փոխտնօրենը յուրովի է բացատրում. «Նախ՝ վստահ չեմ, որ կրակոցներ քաղաքում հնչում են, ինքս դրանք երբեք չեմ լսել: Նման անհիմն հայտարարություններ կենդանասերները բազմիցս են անում՝ առանց որեւէ ապացույցի: Այդ հայտարարությունների իրական պատճառները ես շատ լավ գիտեմ՝ մեր ընկերությանը քննադատելը նրանց եկամտի աղբյուրն է, եւ կենդանասիրությունն այդ համատեքստում ընդամենը շղարշ է: Խիստ վերապահումով եմ մոտենում այդ հայտարարություններին, քանի որ նրանք երեկոյան կամ գիշերային հրավառությունները կարող են ներկայացնել որպես կենդանիների վրա կրակոցներ: Իսկ ինչ վերաբերում է վնասազերծման մեթոդներին, «Յունիգրաֆ-Իքսը» թափառող կենդանիներին վնասազերծում է միայն քնեցման եղանակով: «Յունիգրաֆ-Իքսը» նախեւառաջ ինքն է շահագրգիռ բացահայտելու այդ դեպքերը, քանի որ դրանք առաջին հերթին հարվածում են մեր ընկերության հեղինակությանը»:
ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ
Հ. Գ. Մինչ նյութը պատրաստվում էր տպագրության, Երեւանի Ավան համայնքի Աճառյան փողոցում գիշերը կրակոցներ լսվեցին: Առավոտյան տարածքի բնակիչները պատմեցին, որ թափառող շներին գիշերը կրակել են ու նրանց մարմինները նետել մոտակա աղբամանը: Սպանված շների դիակները չկարողացանք տեսնել եւ լուսանկարել՝ աղբահավաք մեքենան աղբի հետ դրանք էլ էր տարել:
«Առավոտ» օրաթերթ
Գրանտակերները էլի ակտիվացե՞լ են, երևի փողի կարիք ունեն։ Ախր, չեք հասկանում, որ ոչ մի կենդանասիրություն էլ գոյություն չունի։ Նրանք միայն փող են սիրում։