Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերեզմանից էլ գալու եմ, մինչեւ արդարություն չլինի իմ հայրենիքում»

Մարտ 26,2013 13:51

88-ամյա Փառանձեմ տատը, իր խոսքերով ասած՝ տղային մատաղ է արել Արցախի համար, հիմա նրա փոխարեն ինքն է պայքարում հանուն արդարության:

Երեւի թե չկա որեւէ քաղաքական ակցիա, որին չմասնակցի 88-ամյա Փառանձեմ տատը. որտեղ բողոքող ու արդարություն պահանջող հանրությունն է՝ այնտեղ նաեւ Փառանձեմ տատն է: Ծնունդով զանգեզուրցի, իր ասած՝ լեռնեցի ու հողուհայրենիքից՝ Քարահունջից դեռեւս խորհրդային տարիներին ընտանիքի հետ Նոր Հաճըն տեղափոխված այս ընդվզող ու պայքարող ծեր կինը՝ անգամ անտեսելով, որ մի քանի հազար դրամ թոշակը, որով հազիվ ծայրը ծայրին է հասցնում, չի խնայում եղած գումարն ու գրեթե ամեն օր Նոր Հաճընից մայրաքաղաք է գալիս՝ մասնակցելու Ազատության հրապարակում արդեն 10 օրից ավելի ընթացող հանրահավաքին: Մինչ այս հանրահավաքները՝ Փառանձեմ տատը երկրի համար կարեւորագույն բոլոր ակցիաներին մասնակցել է: «Ջանիդ մատաղ, բա որ ես չգամ, նա չգա, թամաշ անենք էդ թոշակին, պահենք՝ մի հատ հաց ավել առնենք, բա մեր երկրի համար պայքարող չի լինի»,- այսպես «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց իր՝ հանրահավաքներին ու ակցիաներին մասնակցելը, հետո ավելացրեց. «Է՜, գալիս եմ, գալիս, բալես պիտի գար, գոնե ես գամ հիմա, դժվարությամբ, բայց անպայման գալիս եմ: Տղայիս գործը իմ գալով եմ շարունակում, էլ ճար չունեմ, ախր»: Իսկ Փառանձեմ տատի, ինչպես ինքն է ասում՝ բալեն՝ Էդիկ Տոռոզյանը, 35 տարեկանում 1989 թվականին մահացել է արցախյան պատերազմի համար իր իսկ ստեղծած զենքի փորձարկման ժամանակ. «Մի պարտիա զենք ուղարկեց Բերդաձոր, ասում էր՝ մամ, եթե Բերդաձորը մեր ձեռիցը գնա, Շուշի չենք ունենա, որ Շուշի չունենանք՝ Ղարաբաղ չենք ունենա: Հզոր ռումբ էր սարքելու, փորձարկման ժամանակ մի փոքր ական տվել ա ուղեղին, Աստված ջան, գոնե ուրիշ կողմ թռներ էլի, չամուսնացած ծոխս մարեց»: Անդադար լաց էր լինում մեզ հետ զրույցում Փառանձեմ տատը՝ համ լացում էր, համ պատմում, բայց հենց խոսքը փոխում էր ու սկսում էր հանրահավաքներին իր մասնակցության ու առհասարակ Հայաստանի մասին խոսել, միանգամից արցունքը զսպում էր: Տղային հայրենասեր ու ըմբոստ հենց ինքն է դաստիարակել. դեռեւս 1988 թվականից որդուն անգամ աշխատանքի վայրից դուրս է հրավիրել, որպեսզի մասնակցեն մայրաքաղաքում կայանալիք Արցախի անկախության հանրահավաքին. «Մեր սեղանի զարդը ծովից ծով Հայաստանի քարտեզն է եղել, ամբողջ օրը երազում էինք գոնե ազատ Արցախի ու Արեւմտյան Հայաստանի մասին»: Հիմա տիկին Փառանձեմը պայքարում է, ինչպես ինքն ասաց՝ «Գոնե էս մի բուռ դրախտավայրն էլ չկորցնենք: Տղայիս մատաղ արեցի հայրենիքի համար, տղայիս պատրաստած զենքով մերոնք կռվել են Արցախում, իմ բալեն նենց մեծ հույսեր ուներ, որ Հայաստանն ազատ, անկախ ու անպայման արդար երկիր է դառնալու: Հիմա որ տեսնում եմ՝ ինչ ա կատարվում, ոնց են մեր բալեքի արյան գնով իրենք հարստանում, ժողովրդին խաբում, ժողովրդին ստորացնում, սրտիցս արյուն ա կաթում, բա ո՞նց չգամ էս ցույցերին, բա ո՞նց չպայքարեմ, ես էլ կորցնելու բան չունեմ, ախր: Իմ բալեն, որ կենդանի լիներ, նա էլ էր գալու ու պայքարելու: Ես իրա սիրուն ու ազնիվ գաղափարների համար եմ գալիս Ազատության հրապարակ»: Հարցին, թե՝ հավատո՞ւմ է, որ Հայաստանում ժողովրդավարություն ու արդարություն կհաստատվի, Փառանձեմ տատը սրբեց արցունքները, կախ արած գլուխը բարձրացրեց ու կոկորդում հավաքված հուզմունքը հաղթահարեց եւ վստահ ասաց. «Ջանիդ մեռնեմ, գյուղ որ կանգնի՝ գերան կկոտրի: Բա հո չե՞նք թողելու էս մի կտոր հայրենիքն էլ ձեռներցիս տանեն»:

Հիշելով արցախյան շարժման տարիները՝ Փառանձեմ տատը պատմեց, թե ինչպես դեռեւ 1988 թվականին Աբովյան քաղաքում կրկին մի հանրահավաքի է մասնակցել. «Էն ժամանակ քիմիական գործարանի մոտ ինչ-որ գործարան էին սարքելու, ու էն թվին՝ սովետի ժամանակ, ժողովուրդը գործադուլ էր անում, ես էլ էդ որ տեսա, մեքենայից իջա ու միացա էդ ժողովրդին, հետո էկա տուն, տղայիս պատմեցի, ասեց՝ այ մամ, ապրես դու»:

Փառանձեմ տատը մասնակցել է 2008-ի հանրահավաքներին, մասնակցել է «Հարսնաքարում» սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանին նվիրված բոլոր ակցիաներին, անգամ մինչեւ ուշ երեկո մնում էր մայրաքաղաքում, ու ոչինչ, որ երեկոյան 19.00-ից հետո դեպի Նոր Հաճըն գնացող տրանսպորտ չէր լինում, ինքը մի ճար անում էր, տուն էր վերադառնում, իսկ ամուսինը՝ 90-ամյա Վարդան պապը, անգամ չի էլ ասում՝ այ կնիկ, ո՞ւր ես ամեն օր գնում. «Ասել եմ՝ այ մարդ, դու իրավունք չունես ինձ արգելես, ես ինչ անում եմ, Էդիկիս տեղն եմ անում: Բա ախր հայը հային սպանում ա, էն որ թուրքն ա հային սպանել, ասում ենք՝ ցեղասպանություն, բա որ հայը հային սպանում ա, դա ցեղասպանություն չի՞, դա ինքնասպանություն ա, բա ես ոնց էդ ջահել տղու համար պայքարին չգայի»:

88-ամյա այս կինը նույնիսկ երբ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ էին կատարել, այցելել է հիվանդանոց, իսկ թե ինչո՞ւ, Փառանձեմ տատն ասաց. «Դե, եսիմ, գիտեի, որ վիճակը խառն ա, բոլորը հիմա էնդեղ են, ես էլ գնացի: Էդ օրն էլ Սերժ Սարգսյանին որ տեսա, ասեցի՝ եթե արյան ծարավ չես, թո՛ղ խաղաղ հեռացիր, հերիք եղավ, ավիրեցիր, աքսորեցիր ժողովրդին: Լսեց ինձ, բայց բան չասեց, թե՝ մեր ունի ու սիրում ա նրան, իմ խոսքերի մասին պիտի որ մտածի»:

Սերժ Սարգսյանի՝ նախագահական ընտրությունների ժամանակ Նոր Հաճըն այցելելուց առաջ տեղի հանրապետականները Փառանձեմ տատին հորդորել էին հանկարծ չմասնակցել նոր հաճընցիների հետ նախագահի հանդիպմանը՝ իբր թե հանրապետականներին խայտառակ չանելու համար. «Ասեցի՝ այ բալամ, բա եթե ես չգամ, հաճընեցիք չե՞ն ասի՝ էս Փառանձեմ մայրիկը ամեն տեղ գնում ա, դաժե Երեւան ա հասնում ամեն օր, բա էս Նոր Հաճընում խի՞ չի մասնակցում էդ հանդիպմանը: Վեր կացա ու գնացի, բայց դե, չկարողացա մոտիկ գնամ»:

Փառանձեմ տատը, իր իսկ խոսքերով ասած՝ չգիտի, թե որքան կապրի, բայց որքան էլ ապրի, որքան ուժ ունենա ու կարողանա քայլել, միշտ մասնակցելու է բոլոր տեսակի անարդարությունների դեմ պայքարին. «Էն գերեզմանից էլ գալու եմ, մինչեւ արդարություն չլինի իմ հայրենիքում, ես չեմ հանգստանա: Բա իմ տղու ու իրա նմանների սկսած գործը ջուրն են գցում, բա ես ո՞նց տեղս հանգիստ նստեմ: Իմ հայրենիքը պիտի լավը լինի, որ թշնամին մեզանից վախենա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031