ՀՀԿ շտաբի պետը Տարոն Մարգարյանին համարում է երեւանցիներից մեկը, ոչ թե մյուսների նման «լեգեոներ»
«Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն՝ ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել եւ չէի էլ կարող ասել: Ինչո՞ւ չէի կարող, որովհետեւ ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով՝ եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով: Բայց խնդրանք-հորդորով չես կարող բոլորի առջեւ փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածը արել ենք, մնացած քաղաքական ուժերն էլ թող գան հասնեն մեզ, եւ այդ, պարագայում, կարծում եմ, խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի»,- վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտի» դիտարկմանը, որ մարդկանց զայրացնում է խորհրդարանում հայտնված օլիգարխների կրթական մակարդակը, դաստիարակության աստիճանը, եւ ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն նման մարդկանց չբերեր խորհրդարան կամ հիմա հորդորի դուրս գալ խորհրդարանից՝ տեղ ազատելով ավելի պատրաստված մարդկանց համար, այսպես էր պատասխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նաեւ խոստացել էր, որ ապագայում ՀՀԿ-ի ցուցակում չեն լինի հասարակության կողմից այդ կերպ ընկալվող մարդիկ: Այնուհանդերձ, ՀՀԿ-ի՝ Երեւանի ավագանու 195 հոգանոց ցուցակում ՀՀԿ-ի օլիգարխ-պատգամավոր հայրերի որդիներն են՝ Մհեր Սեդրակյանի, Աշոտ Աղաբաբյանի, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մհեր Սեդրակյանի խնամի Էդուարդ Մադաթյանի: Ինչպես նաեւ ՀՀԿ-ական գեներալ-օլիգարխ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը, Սամվել Ալեքսանյանի մի շարք աշխատողներ՝ «Լուս Աստղ շուգր» ՍՊԸ-ի փոխտնօրենը, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը, վերոնշյալ ընկերությունների անվտանգության ծառայության պատասխանատուն:
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց «Առավոտի» այն դիտարկմանը, որ նախագահը, փաստորեն, ավագանու ընտրություններում չփորձեց բացառել օլիգարխ հայրերի օլիգարխ որդիների ներկայությունը ՀՀԿ ցուցակում: «Սա համայնքային ընտրություն է, եւ մեր ցուցակում ընդգրկված են նաեւ մեր կուսակցության այն ակտիվիստները, ովքեր իրենց համայնքներում ունեն հեղինակություն եւ այս տարիների ընթացքում բավականին լուրջ ներդրում են ունեցել: Ես չեմ կարծում, որ «օլիգարխ հայրերի օլիգարխ որդիներ» տերմինալոգիան իրականության հետ կապ ունի»,- ասաց ՀՀԿ շտաբի պետը՝ հավելելով, որ իրենց ցուցակում նաեւ մշակույթի գործիչներ կան, ու պետք չէ մարդկանց դիտարկել որդի-խնամի-փեսա-զոքանչ հարթությունում: «Մարդուն պետք է նայել, թե ինքն իրենով ո՞վ է, ուստի այս իմաստով չեմ կարծում, որ մեր ցուցակի հետ խնդիր կա»,- ասաց Էդ. Շարմազանովը: Նա ՀՀԿ ցուցակի առավելությունը համարում է այն, որ ի սկզբանե եւ հստակ նշվում է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է. «Ոչ թե մնացածի նման, ասում ենք՝ Օսկանյանը, Պողոսը, Պետրոսը առաջին համարն են, Աստված տա մեր գործերը լավ լինեն, հետո կորոշենք՝ ո՞վ է քաղաքապետ լինելու: Մեզ մոտ ֆեոդալական կարգեր չկան, մենք ազնիվ ենք մեր հասարակության հետ, եւ կարծում եմ, որ մեր սիրելի երեւանցիները թացը չորից կտարբերեն եւ ճիշտ ընտրություն կկատարեն»: Շարմազանովն ասում է, որ որոշ քաղաքական գործիչներ խեղաթյուրել են իր խոսքերը, քանի որ ինքը չի ասել, թե ՀՀԿ-ն Երեւանը չի հանձնելու: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Շարմազանովի այդօրինակ հայտարարություններին քննադատաբար արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ Երեւանը որեւէ մեկի սեփականությունը չէ, որ իր գրպանից հանի հանձնի, կամ ոչ: «Երեւանը համայն հայության սեփականությունն է: Այդ միտումնավոր զազրախոսներին կամ իմ խոսքը ձեւափոխողներին ընդամենը խորհուրդ կտայի ուշադիր ընթերցեին իմ ասածը: Խոսքն այն մասին էր, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ գործարքի գնացե՞լ է, ես էլ ասել եմ, որ ՀՀԿ-ն գործարքի չի գնում, եւ մենք պետք է պայքարենք»:
Ինչ մնում է ժողովրդի անունից խոսելուն, Շարմազանովը համարում է, որ որեւէ քաղաքական ուժ, առավել եւս ԲՀԿ-ն իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Նա վստահ է, որ երեւանցիները իրենց ձայնը տալու են Տարոն Մարգարյանին, որովհետեւ. «Նա իրենցից մեկն է, ոչ թե մյուսների նման լեգեոներ»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ