Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ինքնությունը Թուրքիայում երկար ժամանակ դեմոնացված էր»

Մարտ 26,2013 13:38

Ըստ թուրքական Zaman թերթի արտաքին քաղաքական նորությունների խմբագիր Մուստաֆա Էդիբ Յըլմազի՝ անհատական նախաձեռնությունները Թուրքիայում քաղաքացիական հասարակության մակարդակում են, ու դա այն զգացմունքը չէ, որը կիսում է իշխանությունը։

– Պարոն Յըլմազ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման տարբեր պատճառներ կարող են նշել կողմերը, սակայն կուզենայի, որպեսզի Դուք գնահատեիք Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության համատեքստում: Թուրքիայի կողմից գործընթացը սկսելը, ապա արգելակելը հայ-թուրքական հարաբերությունների հարցում ինչո՞վ եք բացատրում:

– Կարծում եմ, որ կառավարությունը հասկացավ, որ իրականում ամեն ինչ ավելի բարդ է իրագործել, քան իրենք նախկինում էին կարծում։ Գիտակցեցին, որ դժվար է միաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացել սահմանը: Դա, ըստ էության, մի նախաձեռնություն էր, որը հետագայում պարզվեց, որ պահանջում էր շատ ավելի մեծ ջանքեր եւ խիզախություն։

Հիմա հարցն այն է, թե արդյոք հնարավո՞ր է գործընթացը նորից սկսել։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում հազիվ թե նման բան լինի, որովհետեւ չորս տարի առաջ, երբ արձանագրությունները նախաստորագրվեցին եւ պետք է ստորագրվեին՝ այն ժամանակ կար շատ ուժեղ միջազգային աջակցություն։ Մինչդեռ այսօր մենք նման օժանդակություն չենք տեսնում միջազգային հանրության կողմից:

– Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր կարգավորման նկատմամբ բավական ցայտուն է դրսեւորվում՝ սկսած Հայաստան-Թուրքիա արձանագրությունների գործընթացից, մինչեւ Թուրքիայի նախագահ Գյուլի կողմից Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններից հետո շնորհավորելու առիթը: Ինչպե՞ս կբացատրեք այս երեւույթը:

– Թուրքիայի համար Ադրբեջանը անփոխարինելի դաշնակից է տարածաշրջանում։ Ուստի ես չեմ կարծում, որ Թուրքիայի վերաբերմունքը այս ամբողջ հակամարտության նկատմամբ կփոխվի, եթե, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնում չլինի: Մենք պետք է հիշենք, որ սահմանների փակումը չէ հակամարտության պատճառը, այլ հակամարտության արդյունքն է:

– Թուրքիայում քաղաքական գործընթացներից բացի՝ հասարակական տրամադրությունների փոփոխություն է նկատվում մտավորականության մոտ առհասարակ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի առումով։ Դուք, որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ, զգո՞ւմ եք այդ փոփոխությունները:

– Ասեմ, որ այս ճակատում մենք իսկապես մեծ բարելավում ենք նկատում: Այսօր Թուրքիայում շատ անհատներ կան, որոնք իրենց անհատական նախաձեռնություններով ինչ-որ բան են անում, օրինակ՝ նախաձեռնում են Հայաստանից «ներողություն խնդրելու» այդ գործընթացը: Իհարկե, չի կարելի մոռանալ, որ այդ նախաձեռնությունները անհատական են եւ ամբողջապես քաղաքացիական հասարակության մակարդակում են, դա այն զգացմունքը չէ, որը կիսում է Թուրքիայի իշխանությունը։ Բայց օբյեկտիվ առումով մենք, անշուշտ, պետք է տեսնենք ու նկատենք տարբերությունը կառավարության եւ, եթե ոչ ամբողջ հասարակության, ապա գոնե հասարակության որոշ հատվածների միջեւ:

Հայկական ինքնությունը, կարելի է ասել, բավական երկար ժամանակ դեմոնացված էր Թուրքիայում, նույնիսկ այն աստիճան, որ երբ որեւէ մեկին անվանեին «հայի որդի ես», դա վիրավորանք էր համարվում: Ես կտրականապես դեմ եմ նման մոտեցումներին: Ազգությունը մենք ինքներս չենք ընտրում, եւ դա այն գործոնը չէ, որով կարող ես հպարտանալ կամ չհպարտանալ։ Ես, օրինակ, քրդերի, թուրքերի միջեւ ոչ մի տարբերություն չեմ տեսնում՝ մարդկային արժեքների առումով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031