Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը ահազանգում է վարչական ռեսուրսի գործադրման մասին

Մարտ 26,2013 13:02

«Այս ընտրությունները քաղաքական են իրենց բնույթով, դրանց մասնակցում են կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներով եւ ինչքան էլ իշխանությունները փորձեն շուռ տալ`ասել, թե սա խազյաստվեննիկի, քաղաքը կառավարելու ընտրություններ են, չի ստացվելու»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար, Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնեղ Աղվան Վարդանյանը:

Հաջորդ հիմնավորումը, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են, ըստ բանախոսի՝ այն է, որ Հայաստանը նոր է դուրս եկել նախագահական ընտրություններից, որտեղ հանրությունը մերժել է գործող իշխանությանը ու այդ մթնոլորտը տեղափոխվում է այստեղ:

«Սա ցուցակների առաջին համարների մրցակցություն չէ, ինչը մարդկանց գիտակցության մեջ փորձում են ներդնել իշխանությունները»,- ասաց բանախոսը:

Նա նկատեց, որ չորս տարում ՀՀԿ-ն երեք քաղաքապետ է փոխել, ինչը նշանակում է, որ այդ ուժի համար քաղաքապետը ընտրովի չէ, այլ նշանակովի, ինչն էլ իր հերթին, Վարդանյանի կարծիքով, որեւէ տրամաբանության չի ենթարկվում:

Նա կարծում է, որ Երեւանի քաղաքապետը պետք է լինի ինքնուրույն մարդ, որպեսզի կարողանա արդյունավետ կառավարել քաղաքը: Բանախոսը բերեց միջազգային փորձից օրինակներ, որ երկիրը ղեկավարում է մի քաղաքական ուժ, իսկ մայրաքաղաքը կառավարում է բոլորովին այլ ուժի ներկայացուցիչ, ինչը հակակշիռներ է ապահովում եւ բավականին արդյունավետ է:

ՀՅԴ-ի կարգախոսն առաջիկա ընտրությւոններում լինելու է`«Երեւան, փոխիր Հայաստանը» եւ Աղվան Վարդանյանի համոզմամբ, Հայաստանում փոփոխությունները սկսվելու են Երեւանով: Նա գտնում է, որ այս ընտրությունները յուրօրինակ վստահության հանրաքվե են իշխանության համար:

«Ես բոլորովին էլ այն կարծիքին չեմ, որ քաղաքն այսօր արդյունավետ է կառավարվում: Նայեք մեր վարչակազմերի վիճակը, նշանակովի վարչակազմերի ղեկավարների աշխատակազմերի ոճը: Վարչակազմերում վարչությունները, բաժինները գրեթե նույնությամբ կրկնում են քաղաքապետարանի համակարգը, որեւէ մի լիազորություն որեւէ հարց լուծելու դերակատարություն չունեն»,-ի հեճուկս ՀՀԿ-ականների գովասանքի, որ Տարոն Մարգարյանի`քաղաքապետության օրոք քաղաքը բավականին լավ կառավարվում է, ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ժամանակին համատիրություների ստեղծման նպատակը քաղաքացիների ինքնակառավարման խնդիր լուծլն էր, բայց. «Իշխանությունները շատ սահուն դրանք վերածեցին ընտրական համակարգերի: Հսկայական թաղամասեր են մի համատիրությունում եւ նրանք զբաղված են ցուցակներ կազմելով, ընտրությունների նախապատրաստվելով`ռեալ ինքնակառավարման որեւէ գործառույթ չեն կատարում»:

Աղվան Վարդանյանը ահազանգեց, որ դեռ նախընտրական քարոզչությունը չսկսված արդեն իսկ վարչական ռեսուրսը գործի է դրված. «Հեռուստատեսությամբ ամեն օր հերթական շրջայցերն են վարչական շրջաններում: Գնացեք Ավան`տեսեք, ինչ մեծ թափով աշխատանքներ են տանում: Իշխանությունը նորից գործի է դրել իր ամբողջ վարչական ռեսուրսը`վերեւից ներքեւ: Հերթով ուսուցիչներին, բժիշկներին եւ այլն կանչում են կուսակցության գրասենյակ`հստակ հանձնարարականներով`գնացեք ցանկեր կազմեք, դրանք մենք ստուգելու ենք: Թաղային հեղինակությունները պտտվում են քաղաքով, հավաքում են, այսպես ասած լավ տղերքին, ասելով`սա մեր ախպերության ընտրությունն է, սա կապ չունի ՀՀԿ-ի հետ`գանք, ընտրենք: Սա ուղղակի ՀՀԿ-ի ընտրությունն է: Ֆինանսական ռեսուրսներն արդեն կամաց-կամաց երեւում են: Մարզպետները Երեւանում շտաբներ են բացել եւ դեռ քարոզչությունը չսկսված՝ այդ շտաբները աշխատում են»:      :

Հարցին`ՀՅԴ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին`ասելով, որ վարչական ռեսուրսը գործի է դրվելու: Հիմա, ասացիք, որ վարչական ռեսուրսն է գործի դրվել, բայց ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին, Վարդանյանը պատասխանեց.«Այսօր էլ գտնում ենք, որ ճիշտ ենք արել, որ չենք մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ աշնանը հնարավոր չեղավ ձեւավորել միասնական ընդդիմադիր օրակարգ: Բայց, նախագահական ընտրություններն այլ են, միամանդատ ընտրություններ են, որտեղ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը`ոչինչ չի ստանում: Երեւանի ավագանու ընտրությունները բազմամանդատ են, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն ստանում է ըստ իր աշխատանքի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031