Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը սկսել են հաճախ համեմատել աֆրիկյան պետությունների հետ

Մարտ 26,2013 12:55

Լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածում, որտեղ անդրադարձ է կատարվում աշխարհի 165 պետություններում քաղաքական մշակույթի ընդհանուր իրավիճակին, նշված է, որ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ աֆրիկյան մի շարք պետություններ` ասենք, Մալին, Նիգերիան կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:  Հիշեցնենք նաև, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՀ-ն համեմատում են աֆրիկյան պետությունների հետ: Օրեր առաջ էլ ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն այդպիսի համեմատություն արեց ու նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանն անդամագրվելու համար։

Aravot.am-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք ՀՀ-ում քաղաքական մշակույթի առումով իրավիճակն այդքան ծայրահե՞ղ է: Նա անկախ «Էկոնոմիստ»-ի հրապարակումից՝ նշեց. «Մեզանում բացակայում է ընդհանուր որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմը: Թեկուզ կուսակցություններում, կամ այն ձևով, ինչպես Ազատության հրապարակում են տեղի ունենում գործընթացները, դրանք բացարձակ ժողովրդավարական տարրեր չեն պարունակում: Պետք է ինչ-որ համակարգ ունենալ, որը հնարավորություն կտա հասկանալ, թե որոշումները ինչպես են ներքևից վերև կայացվում: Հույս կար, որ գոնե այս ընտրություններից հետո այդ խնդիրը կընկալվեր`Ր. Հովհաննիսյանը ելնելով ժողովրդավարական մեխանիզմների կիրառումից նոր ուժ կկառուցեր: Բայց քանի որ ինստիտուցիոնալ առումով կայացած քաղաքական կառույցներ չունենք, ապա ստացվում է, որ կարծես միտք ունենք, բայց կառույցներ չունենք, ինչը խանգարում է զարգացմանը: Կրկին շեշտում եմ, որ պետք է լինի այնպիսի մի համակարգ, որ մարդիկ հասկանան, թե ոնց են կայացվում որոշումները, ոչ թե հանկարծ Ր. Հովհաննիսյանն այսօր որոշի, որ նամակ գրում է, վաղը` ոչ, կամ Ս. Սարգսյանն այսօր նրան պատասխանի, մյուս օրը` ոչ: Փաստորեն, մեզանում քաղաքական համակարգն այնպիսին է, որ մասնակցություն ասվածը ինստիտուցիոնալ որևէ ձև չունի»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն էլ նշեց, որ Աֆրիկայում էլ քաղաքական մշակույթի տարբեր մակարդակ ունեցող պետություններ կան, սակայն, պարզ է, համեմատությունը ցածր մակարդակի հետ է: Դա Գ. Քեռյանն այսպես պատճառաբանեց. «Անցումային փուլում գտնվող երկրները, որոնք տոտալիտարից անցնում են դեմոկրատական համակարգի, միշտ էլ խնդիրներ ունենում են: Օրինակ` բրիտանական, ամերիկյան քաղաքական մշակույթը ունեին 300-350 տարվա պատմություն, բնականաբար, հնարավոր չէ համեմատել հետխորհդային պետությունների քաղաքական մշակույթը արևմուտքի հետ: Իսկ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր երկիրը վերջին 200-300 տարվա ընթացքում՝ քաղաքական մշակույթ բառացիորեն չի եղել: Տարածաշրջանը գտնվել է օսմանյան տիրապետության, Ցարական Ռուսաստանի, Խորհրդային Միության և այլ գերիշխանության տակ: Բնականաբար 20 տարվա անկախության ընթացքում հասնել 300 տարվա ընթացքում ձեռքբերված քաղաքական մշակույթի, հնարավոր չէ: Ուստի ՀՀ-ի համեմատությունը աֆրիկյան պետությունների հետ, մեղմ ասած տենդենցիոզ համեմատություն է»:

Պարոն Քեռյանը սխալ է համարում լավը չտեսնելու մոտեցումը և վկայակոչելով հետխորհրդային Ուզբեկստանին, Տաջիկստանին, Ադրբեջանին` նկատում, թե նրանք որքան ետ են մնացել Հայաստանից:

Հարցին` արդյոք Ազատության հրապարակում կատարվող գործընթացները և դրանց` իշխանության արձագանքը տեղավորվո՞ւմ են քաղաքական մշակույթ հասկացության մեջ, պարոն Քեռյանն այսպես պատասխանեց. «Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում կորակեմ որպես պարտված թեկնածուի բողոքի ակցիա: Այստեղ քաղաքական համակարգի հետ կապ չեմ տեսնում: Սակայն այն, որ պարտված թեկնածուն հնարավորություն ունի իր բողոքն արտահայտել, որ նրա նկատմամբ ուժ չի կիրառվում, խոսքը չի խեղդվում, դա արդեն գոյություն ունեցող համակարգի համար պլյուս է, ոչ թե մինուս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Ցավալի է,որ «Առաջ,Հայաստան» կոչով առաջնորդվող իշխանավորները գոնե այս համեմատությունները լսելուց հետո ճիշտ հետեւություններ չեն անում :Մինչդեռ այնքան պարզ է ,առաջ գնալու համար այլ քայլեր են անհրաժեշտ:
    Իսկ հարգարժան վերլուծաբաններին կարդալիս քիչ է մնում մարդ հուսահատությունից էմիգրացիայի մասին մտածի:Իհարկե ոչ Տաջիկստան,,Ուզբեկստան կամ Ադրբեջան:
    Ավելի ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու համար պետք է առաջին հերթին ունենալ լեգիտիմ օրենսդիր մարմին,ոչ թե….Թեկուզ եւ «թղթի վրա մաքուր են»,բայց իրենց տեղում չեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031