Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը»

Մարտ 26,2013 12:40

Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից:

 Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջագիրը շատերը գնահատեցին որպես հայտ»՝ մասնակցելու կոալիցիայի ձեւավորմանը։ Կոալիցիոն ձեւաչափի փոփոխությունը մտնո՞ւմ է ՀՀԿ ծրագրերի մեջ։

-Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, որովհետեւ ամեն ինչ կախված է նրանից՝ կլինե՞ն բանակցություններ, ինչի՞ շուրջ կլինեն եւ այլն։ Մի բան պարզ է՝ Ր.Հովհաննիսյանի «փաթեթում» կան առաջարկներ, որոնք ուղղակի հակասում են գործող սահմանադրությանը։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ հակասում են գործող կարգին, ըստ որի՝ ուժային գերատեսչությունների ղեկավարներին եւ արտգործնախարարին նշանակում է նախագահը։
Միաժամանակ կան կետեր ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալու կամ վերահսկողական լծակներն ավելացնելու վերաբերյալ, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը անելիք ունեն։ Այդ իմաստով, որոշակի խնդիրների շուրջ կարող են գտնվել ընդհանուր եզրեր։
Ինչ վերաբերում է կոալիցիային, այդ մասին խոսելը դեռ վաղ է. այս պահին կարեւոր է, որ Ր.Հովհաննիսյանը լսի նախագահի կոչը եւ դադարեցնի հացադուլը։ Դրանից հետո կարելի է նստել եւ քննարկել մանրամասները։
   –Քաղաքապետի պաշտոնը «չզիջելու» վերաբերյալ ձեր հայտարարությունը ներկայացվեց որպես անհերքելի ապացույց, որ Հանրապետականն «այս անգամ էլ» պատրաստվում է կեղծել ընտրությունները՝ մյուս քաղաքական ուժերին վերապահելով 2-րդ տեղի համար պայքարելու «առաքելությունը»։
   -Ցավում եմ որ իմ հայտարարությունը նենգափոխվել է։ Որեւէ մեկը չի ասել՝ Երեւանը չենք հանձնելու։ Ինձ հարց են տվել՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է մայրաքաղաքը «տալ» ԲՀԿ-ին՝ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու դիմաց։ Ես պատասխանել եմ՝ Հանրապետականը գործարքների չի գնում եւ Երեւանը որեւէ մեկին հանձնելու կամ չհանձնելու խնդիր չունի։
Պարզապես մեր որոշ քաղաքական գործիչներ միտումնավոր կամ անգրագիտության պատճառով պրովոկացիայի են տրվել՝ չիմանալով կամ չհասկանալով հարցի էությունը։
Ավելին՝ ասել եմ, որ ճիշտ, համակարգված աշխատանքի դեպքում մեր թեկնածու Տարոն Մարգարյանը ունի բոլոր շանսերը՝ վերընտրվելու քաղաքապետի պաշտոնում։ Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը, որ հանձնել կամ չհանձնելու խնդիր լինի։ Այնպես որ, լրագրողների առջեւ բոցաշունչ ելույթ ունեցող պատգամավորներին կամ պատգամավորուհիներին, ինչպես նաեւ տարբեր տրամաչափի մոռացված քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ ակնոց դնել կամ գոնե առանց ակնոցի ընթերցել ՀՀԿ խոսնակի ասածը, նոր մեկնաբանություններ անել։
   –Ի՞նչ եք կարծում, ձեր մրցակիցներին կհաջողվի՞ ընտրողին համոզել, որ Երեւանի ավագանու ընտրությունը նախագահական ընտրությունների շարունակությունն է՝ երկրորդ փուլի նման մի բան, որից կախված է պետության հետագա ընթացքը. երեւանցին կուլ կտա՞ այդ խայծը։
   -Չնայած քաղաքական ուժերը ավագանու ընտրություններին մասնակցում են համամասնական ցուցակներով, այս ընտրություններով չեն որոշվում ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ո՛չ պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության, ո՛չ աբխազական երկաթգծի եւ այլընտրանքային ճանապարհների գործարկման հետ կապված խնդիրները։
Երեւանցին ընտրելու է ոչ թե ապագա արտգործնախարարին, վարչապետին կամ նախագահին, այլ մայրաքաղաքային տնտեսության կազմակերպչին։ Այս առումով, սրանք համայնքային ընտրություններ են։
Մենք համարում ենք, որ Տարոն Մարգարյանը լավ է աշխատել՝ այսօր Երեւանը շատ ավելի շահեկան վիճակում է, քան երեկ։ Փոփոխություններն անզեն աչքով էլ նկատելի են, եւ, կարծում եմ, երեւանցիները կկատարեն ճիշտ ընտրություն՝ Երեւանի կառավարումը ապագա 4 տարիներին եւս վստահելով ՀՀԿ-ին եւ գործող քաղաքապետին։
Մենք շատ ազնիվ ենք երեւանցիների նկատմամբ, միանշանակ ասում ենք, որ մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն է՝ վստահելով մեզ, վստահություն կհայտնեք Տարոն Մարգարյանին, ի տարբերություն որոշ կուսակցությունների, որոնք չեն շտապում բացահայտել քաղաքապետի իրենց թեկնածուին։
Օրինակ, ԲՀԿ-ն ասում է՝ մեր առաջին համարը Վարդան Օսկանյանն է, բայց հաղթելու դեպքում դեռ կմտածենք՝ ում առաջադրել քաղաքապետի թեկնածու։ Ստացվում է, որ կարող է 25-րդ կամ 150-րդ համարին բերեն քաղաքապետ։ Չեմ կարծում, թե սա կոռեկտ մոտեցում է ընտրողի հանդեպ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031