Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսելով ավագանու ընտրությունների մասին՝վստահեցրեց. «Ավագանու ընտրություններին պայքարը բնականաբար լինելու է թեժ, մենք բոլորին էլ համարում ենք մրցակից: Տարոն Մարգարյանը լավ է աշխատում, ես գիտեմ, որ սիրտը կպած է, երեւի գիշերը մի 3-4 ժամ է քնում: Դե, Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է, թաղապետից սկսած՝ աշխատել է մինչեւ քաղաքապետ: Կիսակատակ ասում են՝ շուտով Տարոն Մարգարյանը Երեւանը կդարձնի Փարիզ»:
Մեր հարցին՝ իսկ Դուք ի՞նչ իմացաք, որ Տարոն Մարգարյանը գիշերը 3-4 ժամ է ընդամենը քնում, Դուք նրանց տանը հաճա՞խ եք լինում՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը իմ զինակից ընկերոջ տղան է, մենք ընտանիքներով մոտիկ ենք: Շատ լավ գիտեմ, որ այո, նա 4-5 ժամ է քնում, որպեսզի պատշաճ ձեւով մայիսի 5-ին Երեւանը ներկայացնի հայությանը»:
Դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանն ասում է, որ չենք թողնի Երեւանն էլ դառնա ՀՀԿ-ի մենաշնորհը՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, թող ինքը իր քաղաքական պոչերը մաքրի, իր վրա գործ կա, իսկ ՀՀԿ-ի վրա գործ չկա: Եթե քաղաքականացնենք՝ մենք էլ կքաղաքականացնենք, բայց մենք ասում ենք՝ քաղաքը թողնենք հանգիստ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ