Aravot.am-ը տեղեկացրել է, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի արդեն նախկին դասախոս Արարատ Միրզոյանի պայմանագիրը Մայր բուհը չի թարմացրել, քանի որ նա իր Ֆեյսբուքյան էջում քննադատել էր դասադուլավոր ուսանողների, ակտիվիստների հետ հանդիպմանը` ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի պահվածքը:
Այս ամենից հետո ԵՊՀ որոշ դասախոսներ միացել են Արարատ Միրզոյանին ու սատարում են նրան: Նրանց թվում է ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը: Պատասխանելով Aravot.am-ի հարցին` արդյոք իրենց քայլով որեւէ բան կփոխվի ԵՊՀ-ում, Ժաննա Անդրեասյանը մասնավորապես նշեց. «Ես բարձրաձայնել եմ իմ կարծիքը կոնկրետ հարցի վերաբերյալ, այն է՝ Արարատ Միրզոյանի հետ պայմանագրի չշարունակման հանգամանքների պարզաբանման անհրաժեշտության: Խնդիրը բարձրաձայնած դասախոսներից և ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում: Եթե մեզ մոտ զարգացած ու գործուն կառույցներ լինեին արհմիությունները, Արարատը կդիմեր համապատասխան արհմիությանը և նրա շահերի պաշտպանությունը ինստիտուցիոնաացված գործընթացի միջով կանցներ: Քանի որ մեզանում դա չկա, մենք անընդհատ նախաձեռնող խմբեր ենք տեսնում, որոնք փորձում են այդ արհմիությունների գործառույթները իրականացնել: Սա էլ այդպիսի դեպքի օրինակ է: Բոլորովին վստահ չեմ, որ դասախոսների մեծամասնությունը միանալու է այս ամենին, կարծիք է ձևավորելու ու հայտնելու: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ քչով էլ կարելի է մթնոլորտ փոխել, որովհետև նախ այս ամենը տիրաժավորվում է ԶԼՄ-ների միջոցով, քննարկման թեմա է դառնում վիրտուալ հարթակներում, իսկ դրանք նույնպես մթնոլորտի փոփոխման բաղկացուցիչներ են, ոչ թե միայն մեկ տասնյակ դասախոսների՝ բարձրաձայն ինչ-որ բաներից խոսելու փաստը»:
Արդյոք չի լինի այնպես, ինչպես Սեւակն էր ասում, «Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»:
«Ճակատները միշտ պատին դեմ են գալու, կոտրվելու են, բայց դրանից այդ ճակատի կոտրման արժեքավորությունը՝ որպես հասարակական նշանակության փաստ, չի կորում, հակառակը՝ ավելի է կարևորվում որպես հենց էդպիսին: Իսկ միգուցե էդ ճակատը հենց պատին կոտրելու համար է: Նկատի ունեմ, որ համակարգի տեսանկյունից դա հզոր սիմվոլ է, որ կարող է նախադեպ լինել այլ լավ ճակատների համար, թեկուզ՝ ապագա: Մենք շատ ենք խոսում, որ այս օրերի հերոսներ կամ օրինակելի կերպարներ չունենք: Դրա հետ մեկտեղ պետք է մտածել, որ ինքդ քո ամեն ինչով կարող ես այդ օրինակը ցույց տալ կամ չտալ: Եթե ուզում ես ցույց տալ, ուրեմն ինքդ դարձիր այդ օրինակը…
Համալսարանը պետք է դառնա ինքնամաքրվող կառույց, որտեղ կգործեն որակի վերահսկողության ներքին մեխանիզմներ, ասենք, եթե վատ դասախոս է, անորակ դասախոսություն է կարդում, համակարգը՝ ուսանողները, գործընկեր դասախոսները, ադմինիստրատիվ համակարգը պետք է նրան դուրս մղեն կամ էլ ստիպեն դառնալ լավը, այս դեպքում՝ որակյալ ծառայություն մատուցել: Սրա համար ուղղակի յուրաքանչյուրն իր տեղում պետք է ազնիվ լինի ու փորձի ամենալավը անել իր գործը: Ասեմ, որ իմ դասավանդման փորձում ես խոսել եմ այն հարցերից, որոնք տեղին եմ համարել դասընթացներիս շրջանակներում, շոշափել եմ այն խնդիրները, որ հարմար եմ գտել, որևէ միջամտություն ադմինիստրատիվ կառույցների կողմից երբևէ չեմ տեսել, ավելին՝ կարողացել եմ մշակել և ներդնել այն դասընթացները, որոնք արդիական եմ համարել: Ունեցել եմ այդ աջակցությունը: Այսինքն միանշանակ այնպես չէ, որ դասախոսները ուզում են, նրանց չեն թողնում, ու վատը ադմինիստրացիան է:
Խնդիրները շատ ավելի շատ են ու շատ ավելի խորը: Սա առանձին քննարկման թեմա կարող է լինել: Եթե շատ համառոտ թվեմ, ապա ուսանողները պետք է սովորեն պահանջել, իսկ դրա համար անհրաժեշտ է տարրական գրագիտություն ունենալ, դասախոսները պետք է հասկանան, որ անընդհատ պետք է կատարելագործվեն, դասախոսը ցմահ կոչում չէ, ամենօրյա աշխատանք է ինքդ քո վրա, ադմինիստրացիան պետք է կատարի զուտ այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են կառույցի գործառնությունը ապահովելու համար: Բուհը պետք է լինի ոչ թե զուտ մանկավարժական գործառույթ իրականացնող կառույց, որը նույն դպրոցն է՝ ավելի բարդ հարցեր ուսումնասիրող, այլ ռեալ գիտահետազոտական կենտրոն, որտեղ կընթանա գիտական դիսկուրս մասնագիտական ամենաակտուալ խնդիրների շուրջ: Սակայն երևի թե ամենաառանցքային գաղափարը, ինչից պետք է սկսել, դա բուհերի՝ իրական ինքնավար կառույցներ դառնալն է, որի անբաժանելի բաղադրիչը ակադեմիական ազատությունն է»,-համոզված է Ժաննա Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ