«Իշխանության կիսման» կետում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած որոշ առաջարկություններ իսկապես ուշագրավ են։
Մինչ դրանց վերաբերող դիտարկումներ անելը, կարծում ենք, արժե կենտրոնանալ մի էական հանգամանքի վրա։
Իսկ այդ հանգամանքը հետեւյալն է. Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունը» ցանկանում են լինել ընդդիմությո՞ւն, թե՞ կամենում են մտնել իշխանության մեջ։ Ողջ խնդիրն այն է, որ եթե այս կամ այն կուսակցությունը ստանձնում է գործադիր իշխանության որեւէ կառույցի ղեկավարումը, այդ թվում, եթե անգամ տարածքային կառավարման մարմիններից մեկի (նույն մարզպետարանների) ղեկավար ներկայացուցիչ ունի, ապա ինքնըստինքյան այդ ուժը դադարում է ընդդիմություն լինելուց եւ նույնքան ինքնաբերաբար դառնում է իշխանությանը մաս կազմող ուժ։
Դատելով նրանից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ նախարարների ու մարզպետների նշանակելու ցանկություն է արտահայտել, նա կամենում է իշխանությանը մաս կազմել ու դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը։ Ճիշտ է, նա դա անվանում է «իշխանության կիսում ժողովրդի հետ», բայցեւ չի նշում, թե այս ու այս պաշտոնին առաջարկում է նշանակել «ժողովրդի ներկայացրած մարդկանց», այլ շատ կոնկրետ ընդգծում է՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած»։
Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոններին, ապա «Ժառանգության» ղեկավարի ներկայացրած առաջարկություններն ընդունելու դեպքում, իսկապես, հակասություններ կառաջանան առկա սահմանադրական կարգավորումների հետ, ինչի մասին իր պատասխանում նրբորեն ակնարկել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Ասենք, օրինակ, գլխավոր դատախազի դեպքում ինչպե՞ս կարող է պաշտոնանկություն տեղի ունենալ։ Թերեւս պիտի բոլորը նստեն՝ դատախազին համոզեն, պարտադրեն, ստիպեն, որ հրաժարական տա։ Բանն այն է, որ այժմ գործող կարգի եւ օրենքի համաձայն, գլխավոր դատախազին նշանակում է Ազգային ժողովը, ՀՀ նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով։ Գրեթե նույնը՝ Վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ։
Միաժամանակ հայտնի է, որ, օրինակ, կառավարություն կազմելիս ԱԳ նախարարի թեկնածությունը առաջարկում է նախագահը, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը։ Եվ ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է ստանձնել այդ «նախագահական» գործառույթը։ Որոշակի նրբություններ կան (մեղմ ասած) նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Արդարադատության խորհրդի նախագահի նշանակումների հետ կապված։
Բայց, մյուս կողմից, կարծում ենք, երկրի համար միանգամայն շահեկան կլինի, եթե, օրինակ, Հակակոռուպցիոն հանձնաժողովը ղեկավարի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ։ Ի դեպ, ժամանակին հենց իշխանությունն էր առաջարկում, որ ընդդիմությունն առավել չափով ներգրավվի այդ հանձնաժողովի աշխատանքներում։
Ամեն դեպքում, նախագահ Սերժ Սարգսյանի եւ ընտրություններում ձայների 37 տոկոսն ստացած ու երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ այս «նամակագրությունը» մեր ներքին քաղաքական մշակույթում ոչ միայն նոր, այլեւ դրական երեւույթ պետք է համարել։ Ի լրումն ամենի, դա հույս է տալիս, որ գործընթացները կվերադառնան քաղաքական երկխոսության հարթություն, այլ ոչ թե կլռվեն հացադուլային փակուղում։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»