«Այս ամբողջ եղելությունը եւ խոշոր ցավ է, եւ մեր իրականության համար ծաղր է»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ներքաղաքական իրավիճակի եւ Հովհաննիսյան-Սարգսյան նամակագրության ճակատագրի մասին իր կարծիքը բարձրաձայնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը`հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը ստացել է իր ձայները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը`Սերժ Սարգսյանին դեմ ձայները: Մի մասը ԲՀԿ-ի ձայներն են, մի մասը`ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի: Ներքաղաքական իրավիճակի իր վերլուծությունում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներին ՀՀԿ փոխխոսնակը հանգեց նրան, որ «Մարդկանց մի մասը գնում է ցավի ետեւից, մյուսը`ծաղրի: Ընտրություններից հետո երկու ամիս է ասում է`ես նախագահ եմ, հիմա`ես նախարար եմ: «Ժառանգությունը» ոչ քաղաքական թիմ ունի, ոչ էլ կադրային բանկ: Ինչ-որ ցուցակներ են գրում`մարդիկ էլ կարդում են իրենց անունները ուրախանում կամ զարմանում են: Գյուղապետ էին ուզում, մարզպետ ուզում`թող դառնան, ո՞վ էր իրենց ձեռքը բռնել»:
Ամեն դեպքում, Սահակյանը կողմնակից է համագործակցության եւ դրա էությունը տեսնում է «Ժառանգության» հենքի վրա կազմակերպված ընդդիմության ձեւավորումը: Նա նաեւ խնդիր չի տեսնում «Րաֆֆու խնդրանքով» երկու նախարար`վերահսկողական ֆունկցիաներով տալու մեջ, բայց «քանի որ շատ անփորձ են, մի տարի հետո կունենանք անփորձների ավելի կոռումպացված համակարգ, դրանք կգնան, մյուսները կգան`ավելի անփորձ ու կկրկնի նախկին փորձը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը եթե անգամ չգնա էլ երկխոսության, Սահակյանն ասում է, որ իշխանությունը գնալու է բարեփոխումների ճանապարհով:
«Չէի ցանկանա որեւէ քաղաքական թիմ այդպես պատանդեր ժողովրդին`այսօր ծրագիրը կասեմ, վաղը կասեմ, որ ընտրազանգված պահպանի»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը նաեւ դրական բան է տեսնում ներքաղաքական այս իրավիճակում`քաղաքական մշակույթ է ձեւավորվում: «Իշխանական դաշտը կայացել է`կոալիցիաներով եւ այլն, ընդդիմադիր դաշտը ցաքուցրիվ իրավիճակում է: Պետք է կայանա այդ դաշտը եւ իշխանությանը պարտադրի գնալ լավ ճանապարհով: Ժողովրդավարական մշակույթն այնպիսին է, որ ընդդիմությունն էլ պատասխանատվություն ունի: Մեզանում այնպես է ստացվել, որ իշխանությունը միշտ պատասխան է տվել, սրբացել է նա, ով անխնա քննադատել է: Մենք չէինք ուզի, որ ընդդիմադիր դաշտը, որը վերջին շրջանում պարապուրդի մեջ էր, այդպես էլ մնա: Եթե դա չանի Րաֆֆի Հովհաննիսյանը`մեկ ուրիշը կանի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Լրագրողներից մեկի հարցին`ՀՀԿ-ի համար մարտահրավեր չի՞ տեսնում, որ ընդդիմությունը մտադիր է Երեւանի ավագանիում վերցնել քաղաքի իշխանությունը, Սահակյանն ասաց. «Ես կեղծ նոտաներ եմ տեսնում: Առանց ճանաչելու քաղաքը, նրա խնդիրները`կուսակցությունները իրենց կուսակցական ճանապարհի նոտա են տանում: Այս կարճ ժամանակում չեն կարող երեւանյան հոգեբանության դրսեւորումներով, իրենց համար ճանապարհ հարթել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ