Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ասել, որ Սերժ Սարգսյանը սկսել է 180 աստիճանով փոխվել, սա չի՞ հիշեցնում Կոնգրեսի՝ ԲՀԿ-ին ուղղված ուղերձները, երբ սկսեցին ասել, որ ԲՀԿ-ում օլիգարխ չկա, Մարտի 1-ի հետ ԲՀԿ-ի առնչությունը հարցականի տակ է եւ այլն: Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի փոխվելու բոլոր ժամանակներն անցել են: Սերժ Սարգսյանը 180 աստիճանով փոխել է մարտի 18-ի իր դիրքորոշումները: Դրանք տարբեր բաներ են: Մարտի 18-ին ինքը կատեգորիկ մերժում էր բանակցել, հիմա կապ չունի ինչ ձեւով է ասում: Ասում է՝ Րաֆֆի, քանի որ ես քեզ ասեցի, դու գրավոր գրի եւ այլն, բայց եթե մարտի 18-ին ասում էր՝ ոչ մի զրույց, հիմա ասում է՝ զրույց: Դա փոփոխություն է»:
Թե ինչի՞ արդյունքում է տեղի ունեցել այս փոփոխությունը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, իրենք հասկացան, որ «այս ձեւով չի կարող շարունակի, ժողովրդի՝ այստեղ գտնվելով»:
Մեր դիտարկմանը, որ ժողովուրդն այստեղ էր նաեւ մարտի 18-ին եւ դրանից առաջ՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Գիտեք, ամեն պահի չէ, որ ուշքի են գալիս: Հիմա մինչեւ ապրիլի 9-ը իրենք առավել քան զգալու են, որ այս ալիքի մարելու իրենց սպասումներն, ժողովրդի հիասթափվելու, դա անհեռանկար ճանապարհ է, ավելի լավ է չսպասեն»:
Մեր դիտարկմանը՝ լուծումները ռեա՞լ կլինեն, որովհետեւ խորհրդարանը ցրելու հետ կապված Սերժ Սարգսյանն արդեն ասել է իր խոսքը՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Խորհրդարանում նստած են մարդիկ, ովքեր գործարար են, իսկ նախագահը բարձրաձայնել է մի բանի մասին, որը, կներեք, հանցագործության մասին հաղորդում է: Ասել, որ ես գիտեմ, որ նրանք օլիգարխ են, բայց նրանց թղթերը կեղծված են կամ մաքուր են: Սա հանցագործության մասին հաղորդում է: Այսինքն, նախագահն ինքն է ասել, որ էս խորհրդարանն արձակելու ենթակա է: Պատկերացրեք, մեկը հիմա աշխատանքից բացակայում է, բերում է բժշկից տեղեկանք, բոլորն ասում են՝ գիտեն, որ հիվանդ չի եղել, բայց թղթով հիվանդ է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Դուք ինքներդ էիք բարձրաձայնում, որ Սերժ Սարգսյանն այն քրեաօլիգարխիկ բուրգի մասն է կազմում, բուրգի վերեւում է գտնվում: Հիմա բուրգի վերեւի մասը թողնելը եւ տակից քանդելը ի՞նչ կտա՝ Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ իրենց նպատակը ոչ թե ինչ-որ բան քանդելն է, այլ ժողովրդի իշխանության ձեւավորումը. «Մենք ասում ենք՝ արձակել խորհրդարանը, իսկ դա հենց բուրգի վերեւն է: Սերժ Սարգսյանն ինքն էլ մի առիթով խոստովանեց, որ ինքն էլ դրանց ձեռը պատանդ է: Դե եթե պատանդ է, հիմա թող ինքն էլ ազատվի դրանից, իսկ եթե ինքը դրա մի մասնիկն է, ուրեմն թող ինքն էլ հեռանա՝ դրա հետ միասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ռոբիկ, շեռժիկ, շաշիկ, գենետիկորեն նույն պտուղն են, իրենց բոլոր հանցագործ որակներով, որոնցից մարդկային բան սպասել, բացարձակ անիմաստ է: