Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարության որոշ կետերի հետ համաձայն չեմ». Արկադի Վարդանյան

Մարտ 26,2013 11:05

«Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարության որոշ կետերի հետ համաձայն չեմ եղել և հիմա էլ համաձայն չեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Ր. Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներին և Սերժ Սարգսյանի պատասխանին:

Նա նշեց, որ առաջարկություններով հանդես գալու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլն ընկալում է, որպես «համերաշխ և հանգիստ» տարբերակ՝ քայլ առ քայլ իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ, թեև քաղաքագետը համոզված է, որ այդ առաջարակությունները Սերժ Սարգսյանի կողմից չեն ընդունվելու: «Այդպես էլ եղավ, այդ առաջարկները չընդունվեցին կամ ուղղակի դիվանագիտական պատասխանի արժանացան, թե «արի դու հացադուլդ դադարեցրու, հետո էլ երկու օր հանգստացի, կազդուրվի, հետո արի մենք նստենք՝ աշխատենք»: Սերժ Սարգսյանի պատասխանի բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն առայժմ չունեմ, որովհետև դեռ չգիտեմ՝ ինչպես կարձագանքի Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս պահին պայքարի հաջողությունը կամ անհաջողությունը լիովին կախված է ժողովրդի կամքից ու միասնությունից: Պայքարի հիմնական միտքը և վերջնամասը մենք պատկերացնում ենք իշխանափոխությամբ, որովհետև այս իշխանություններն արդեն բազմիցս ապացուցեցին, որ մեր երկիրը և մեր ժողովրդին տանում են դեպի անդունդ»,- մեկնաբանեց Արկադի Վարդանյանը:

Վերջինս ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարության որոշ կետերի հետ համաձայն չի եղել ի սկզբանե և հիմա էլ համաձայն չէ. դեմ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնար և բանակցություններ վարեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն գիտակցում է, որ այն պայքարը, որն այսօր է ծավալվել ժողովրդի և իշխանության միջև, պետք է հստակ և միանշանակ ավարտ ունենա:

«Կամ դա կլինի իշխանության հերթական հաղթանակը և ժողովրդի վերջնական հիասթափությունը, կամ հակառակը՝ ժողովուրդը պետք է հասնի իր նպատակին և իրականացնի իշխանափոխություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է օրերս Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրեն հղված նամակին:

Պատասխան նամակում Սերժ Սարգսյանը հորդորում-խնդրում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել, որից հետո միասին՝ թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսեն աշխատել: «Լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,- ասված է նամակում:

Արաքս Մարտիրոսյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031