Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամը երեք շաբաթում արժեզրկվել է 2%-ով

Մարտ 26,2013 10:27

Կենտրոնական բանկին կարծես հաջողվել է հանդարտեցնել արտարժույթի շուկայի սպասումները։ Այդ նպատակին հասնելու համար ԿԲ-ն անցած երեք շաբաթներին վաճառել է մոտ $45 մլն. այնուհանդերձ դրամը հասցրել է արժեզրկվել է 2%-ով։ Նախորդ տարիների միտումները ցույց են տալիս, որը դրամը սկսում է ամրապնդվել մայիսից։

Երկուշաբթի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի առք ու վաճառքի գործարքներից, ինչպես նաև ներբանկային շուկայում ձևավորված փոխարժեքից երևում է, որ ազգային արժույթը կարծես կայունանում է։ Թեև Կենտրոնական բանկը մարտի 4-ից մինչև 22-ը բորսայում վաճառել է մոտ $45 մլն, դրամն այս ընթացքում արժեզրկվել է ութ կետով։ Մյուս կողմից՝ ԿԲ չեզոք դիրքի դեպքում արժեզրկումը կարող էր է՛լ ավելի մեծ լինել, ընդ որում՝ կտրուկ։

Որ ԿԲ-ին կարծես հաջողվել է չեզոքացնել սպեկուլյացիաները և դրամի արժեզրկման սպասումները, վկայում է այն, որ եթե մարտի 22-ին բորսայում փակման գինը կազմել է Դ418,50/$1, ապա մարտի 25-ին բացման գինը եղել է Դ418/$1, փակմանը՝ Դ418,05/$1։ Մյուս կողմից՝ բորսայում առաջարկի, պահանջարկի և միջին գներից երևում է, որ շուկայում այնուհանդերձ առկա է դոլարի դեֆիցիտ, և գինը թելադրում է առաջարկը։

Նախորդ տարիների միտումները ցույց են տալիս, որ մարտ-ապրիլին տեղի է ունենում դրամի արժեզրկում, քանի որ այդ ամիսներին տրանսֆերտների ծավալը միջին ամսականից նվազում է մոտ 25%-ով։

Այս տարվա մարտին արտարժութային շուկայի վրա բացասական ազդեցություն է թողել նաև Իրանից զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազումը։ Խնդիրն այն է, որ նախորդ տարիներին մարտին՝ Նովրուզի շրջանում (սկսում է մարտի 21-ին և տևում 13 օր), Իրանից այցելող զբոսաշրջիկները նպաստում էին դրամի ամրապնդմանը, քանի որ միջինը ծախսում էին $800-1000։

Արտարժույթի շուկայում սպեկուլյատիվ գործողությունների արագ կանխարգելումը պայմանավորված է նաև տնտեսության դոլարիզացիայի աստիճանով։ Հայաստանի բանկային համակարգի ավանդների 70,5%-ը դոլարային են, ինչը նշանակում է, որ լուրջ փախուստ դրամից, հատկապես դոլարի թանկացման պայմաններում, քիչ հավանական է։ Պետք է հաշվի առնել, որ նախորդ տարիների միտումները ցույց են տալիս, որը դրամը սկսում է ամրապնդվել մայիսից։

Արմենակ Չատինյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031