Հատված ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցից:
– Ոչ մի օրինավոր թանաքով գրիչ, ոչ մի ծրարի մեջ գցած բան, ոչ մի տեսախցիկ, ոչ մի իբր այլ հնարամտություն չի կարող ստուգել, թե ով ում օգտին է նշան դրել վանդակի մեծ քվեաթերթիկում։ Հետեւաբար, յուրաքանչյուր երեւանցի, ինչպես էլ իրենց մոտենան, ինչ առաջարկ էլ անեն, թող ցանկացած դեպքում իրենց ընտրությունը կատարեն իրենց ցանկության շրջանակներում։ Թող իմանան, որ ոչ մի կերպ չի ազդելու կաշառքը ընտրությունների արդյունքների վրա, մանավանդ, որ ընտրությունները լրջագույնս հսկվելու են եւ ԲՀԿ-ի, եւ շահագրգիռ այլ կուսակցությունների մարդկային ռեսուրսի կողմից։
– Բայց հենց ԲՀԿ–ին են մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ։
– Ես չեմ պատրաստվում նման մյունհաուզենական արտահայտություններ մեկնաբանել։ Կաշառք թող բաժանեն նրանք, ովքեր գնում են ոչ թե աշխատելու, այլ ժողովրդի փողերն ուտելու։
– Հիմա պիտի ասեք, որ խորհրդարանական ընտրություններին է՞լ եք զերծ մնացել ընտրակաշառքից, տեսանք, լսեցինք, չէ՞, ինչ եղավ։
– Տեսաք ու չդիմեցի՞ք ոստիկանություն։ Առավոտից իրիկուն ասում էին՝ մեկդ մի դիմում գրեք։
…Իսկ դուք լսե՞լ եք, որ կետերը օվկիանոսում պակասում են, ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում։ Մի խոսքով, կաշառքային թեմաներն ինձ համար չեն։ Ես հեռու եմ կաշառքային թեմաներից գենետիկորեն։
– Ձեր անունից եք խոսում, իսկ ձեր կուսակցությո՞ւնը՝ ԲՀԿ–ն։
– ԲՀԿ-ն հոգեվիճակ է, ԲՀԿ-ն լուսավոր գաղափար է, ԲՀԿ-ն հույս է դեռեւս երկիրը չլքած փոքրաթիվ քաղաքացիների համար։ ԲՀԿ-ն սկիզբն է ու վերջը…
– Էլի ոտանավոր գիտե՞ք ԲՀԿ–ի մասին։
– Դա ոտանավոր չի, այլ Աստվածաշնչից…
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»