Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանն ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, թեեւ կփորձի դրանք «ջրել»:
Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան սպասվող բանակցությունները չե՞ն լինի նույնը, ինչ ընդդիմություն-իշխանություն նախորդ երկխոսությունը: Aravot.am-ի այս հարցին այսօր Ազատության հրապարակում «Սարդարապատ» շարժման խմբի անդամ Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Րաֆֆին ընտրել է երկու հնարավորություններից՝ ճակատային կամ դիրքային պայքարից դիրքայինը: Սա նշանակում է, որ Րաֆֆին ինքը պատրաստվել եւ պատրաստում է ժողովրդին փուլային պայքարին: Այստեղ կարեւոր է մեր համերաշխությունը եւ կարեւորը՝ թույլ չտանք փոշիացնել այս էներգետիկան, որն ամեն օր կուտակվում է Ազատության հրապարակում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում: Ես կարծում եմ, որ սակարկությունների սովոր Սերժ Սարգսյանը եւ իր խունտան ձգտելու է հենց դրան: Այսինքն՝ բանակցությունները վերածելու սակարկության: Դա արդեն երեւաց, որովհետեւ հետաքրքիր է բառապաշարը: Սերժ Սարգսյանն ընտրում է իրերի լեզուն՝ թուղթ, գրիչ, հաց: Մինչդեռ Րաֆֆիի առաջարկների մեջ կան հիմնականում գաղափարներ: Կոպիտ ասած, առաջարկությունների պատասխանը եղել է՝ արի խոսենք: Շատ կարեւոր է, որ Սերժը Րաֆֆիին փորձելու է քաշել այդ դաշտ: Րաֆֆին միամիտ չէ, նա ի վերջո փորձված քաղաքական գործիչ է: Ամենակարեւորը Րաֆֆին չէ, ամենակարեւորը՝ որ ժողովուրդը, հրապարակները չեն կրկնի այն սխալները եւ թույլ չեն տա, որ բանախոսությունը վերածվի սակարկության, այսինքն, այն, ինչին ձգտում է խունտան, ռեժիմը: Ես կարծում եմ, որ որոշակի փուլային պայքար շատ կարեւոր է: Երկու կողմերն էլ, կարծում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: Ես կարծում եմ, որ ընդհանրապես ժամանակն աշխատում է մեր դեմ, որովհետեւ ամեն օր մարդիկ հեռանում են եւ ամեն օր խունտան պահպանում է իշխանության լծակները, արնահոսությունը չի ընդհատվում»:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին հանրահավաքում հրապարակեց իր պահանջները՝ ընդդիմությանը հանձնել մի շարք պաշտոններ՝ ՀՀ գլխավոր դատախազություն, Հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործ եւ ԿԳ նախարարություններ, Արդարադատության խորհուրդ եւ այլն: Այդ զիջումներին պատրա՞ստ է Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Բոլորս հասկանում ենք, որ Րաֆֆին փորձում է բովանդակային առումով իմաստազրկել ռեժիմը: Դա առաջարկվել է, մատուցվել է փոխզիջումների ձեւով, բայց Սերժ Սարգսյանը, որպես շախմատային խաղացող, շատ լավ հասկանում է, որ խոսքը գնում է այն առանցքային մարզպետների, առանցքային պաշտոնների մասին, որից հետո ռեժիմը փուլ է գալիս: Բանն այն է, որ ռեժիմը առանց էդ էլ է փուլ գալիս, ուղղակի մեզ խիստ անհրաժեշտ է, որ այդ փլուզումը, որն առկա է, լինի վերահսկելի՝ պետականության համար: Հիմա վտանգված է պետականությունը: Ցավոք, ոք ոք չգտնվեց ռեժիմի կողմի վրա, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց գրպանը, իրենց փոքրիկ շահը կամ մեծ փողերը՝ հանուն պետականության: Մենք իրականում պետականության փրկությամբ ենք զբաղվում, որովհետեւ 40-50 ընտանիքները բերել են երկիրը փլուզման եզրին: Րաֆֆիի առաջարկները փուլային լուծումների առաջարկ են: Եվ ես վստահ էի եւ կարող եմ արդեն ասել, որ այո, Սերժ Սարգսյանն ընդունում է արդեն այդ առաջարկները: Ուրիշ բան, որ նա կփորձի ջրել այն, բայց նա ընդունում է, որովհետեւ նա չունի այլընտրանք»:
Մեր դիտարկմանը, որ Ազատության հրապարակում հավաքված մարդիկ մեզ հետ զրույցում հիմնականում գտնում են, որ չարժի Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների գնալ, որովհետեւ նա փոխվողը չի, Տիգրան Խզմալյանը արձագանքեց. «Ես մեծամասնության պես համարում եմ, որ բանախոսություն, երկխոսություն, ինչպես էլ անվանենք՝ պետք չէ: Կարելի էր խոսել միայն կապիտուլյացիայի մասին: Բայց դա այն դեպքում, եթե դա չլիներ Րաֆֆին: Րաֆֆին բերել է այդ մշակույթը քաղաքական: Րաֆֆին այդպիսի խառնվածքի մարդ է, եւ մենք չպետք է թելադրենք նրան, քանի որ նա է վերցնում պատասխանատվությունը: Մենք տեսնում ենք, որ մեծամասնությունը, թեեւ համարում է, որ պետք չէ, այնուամենայնիվ, վստահում է Րաֆֆիին, որովհետեւ ամենակարեւորն այստեղ այն է, որ մարտավարությունը կարող է փոխվել, ռազմավարությունը մնում է անփոփոխ: Մենք եւ Րաֆֆին ձգտում ենք ոչ թե իշխանափոխության, մենք ձգտում ենք փոխել համակարգը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ