Բուժքույրն ասում է, որ 2 անգամ աղջկան հարբած է տեսել
Մարտի 24-ին իր երակը կտրելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել Տավուշի մարզի Բերդավան գյուղի 32-ամյա բնակչուհի Ն.Ա.-ն: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Մարտի 25-ին աղջիկը զանգահարել է 911՝ Փրկարար ծառայություն: Ահազանգի պատճառով Բերդավան է մեկնել հրշեջ մեքենա: Այդ մասին տեղեկացանք Նոյեմբերյանի Փրկարար ծառայությունից: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնություն» ծառայությունից տեղեկացանք, որ «շտապ օգնության» բուժանձնակազմը մեկնել է Բերդավան: Աղջիկը ասել է, որ ինքը երակը կտրելուց հետո շատ արյուն է կորցրել:
«Շտապ օգնության» բուժքույրն «Առավոտի» թղթակցին ասաց, որ աղջիկն արյուն չէր կորցրել, ինքը հանգստացնող դեղ է սրսկել նրան: Բերդավան են ժամանել նաեւ ոստիկանները, աղջիկը փորձել է տան երկրորդ հարկից ցած նետվել, սակայն ոստիկանները կանխել են: «Շտապ օգնության» բուժքույրն ասաց, որ սիրունիկ տեսքով այդ աղջկան ինքն այցելել է երկու անգամ եւ երկու անգամ էլ նրան տեսել հարբած վիճակում: Այդ աղջիկը 1-2 ամիս առաջ էլ է ինքնասպանության փորձ կատարել: Բերդավանի մեր աղբյուրները հայտնեցին, որ նա հաշվառված չէ որպես հոգեկան հիվանդ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ