Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներն ահազանգում են`Մարցագետն ու հարակից անտառը ոչնչացման եզրին են

Մարտ 25,2013 19:48

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները պնդում են, որ Դեբեդ գետի վտակներից Մարցագետի վրա կառուցված ՀԷԿ-ի շահագործումը աղետալի հետեւանքների  պատճառ կարող է դառնալ:

 Լոռու մարզի Մարց գյուղի գետը եւ շրջակա անտառը վերացման եզրին են:

Գյուղի բնակիչները ահազանգում են, որ մեկ տարի առաջ գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանի շահագործման հետեւանքները աչքի են զարնում:

«Մեկ տարվա ընթացքում գետը տեսանելիորեն փոխվել է, համարյա գետ չի մնացել: Եթե նախկինում բնակիչները կարողանում էին գետում լողալ, ապա այժմ դա անհնար է»,-Aravot.am-ին տեղեկացնում է բնապահպան ակտիվիստ Նարեկ Հովհաննիսյանը, ով թեեւ երբեւէ չի բնակվել Մարցում, սակայն ծնունդով Մարցից է:

Նա ասում է, որ գետի` ծանծաղուտ դառնալը բնապահպանական լուրջ աղետի առաջ կարող է կանգնեցնել` նկատելով, որ արդեն իսկ գետի էկոհամակարգը խախտվել է: «Ձկան պաշարները ընդհանրապես վերացել են, շրջակա անտառը մինչ այդ սնվում էր այդ գետի ջրերով, այժմ արդեն անտառն էլ է չորացման վտանգի տակ»,- վերջին անգամ իր` Մարց այցելության ժամանակ նկատած փոփոխությունների ու բնակիչների բողոքների մասին է պատմում Նարեկ Հովհաննիսյանը:

Նա ուշադրություն է հրավիրում նաեւ մեկ այլ իրողության վրա. չնայած առաջին ՀԷԿ-ից բխած հետեւանքներին`այժմ երկրորդ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ են ընթանում. «Խնդիրն այն է, որ գետից թույլատրելիից ավելի ջուր են վերցրել, ցամաքացրել այն, դա քիչ է, այժմ էլ երկրորդն են կառուցում` անօրինական, երրորդի կառուցման պլաններն էլ ունեն»:

Հակառակ սրան` Մարցիգետ-1 ՓՀԷԿ-ի տնօրեն Լեռնիկ Սիմոնյանը վստահեցնում է Մարցի բնակիչներին, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում ու գետից ջուր կվերցվի միայն վարար ժամանակահատվածներում: Բնակիչները, սակայն, թերահավատորեն են վերաբերվում այդ խոստումներին: «Բնակիչները դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը, ավելի լավ է Մարցում գյուղատնտեսություն կամ տուրիզմ զարգացնեն, ՀԷԿ-ը չի նպաստի գյուղի տնտեսական վիճակի բարելավմանը»,-բացատրում է Նարեկ Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանն էլ նկատում է, որ գետերը, սովորաբար, ցամաքում են  երկու պատճառով. «Կամ ՀԷԿ-ի շահագործման կանոնները չեն պահպանվում, կամ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով են ցամաքում: Տվյալ դեպքում, սակայն, նկատի ունենալով, որ այժմ ձնհալի ընթացք է, առաջին տարբերակն ավելի հավանական է, ամեն դեպքում պետք է ուսումնասիրել»:

Այդ նպատակով էլ, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնից, մոտ օրերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ստուգում է նշանակվել Մարցի գետը շահագործող տնտեսվարող սուբյեկտներում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031