Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյալաջի՜, ծախվե՜լ, ինչ էլ կոչվեն բանակցությունները՝ կարեւորը արդյունք տան»

Մարտ 25,2013 19:08

Քննարկում՝ Ազատության հրապարակում

 

Այսօր Aravot.am-ը Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստին հետաքրքրվեց՝ ընդդիմություն-իշխանություն երկխոսության փորձ ունենք (խոսքը ՀԱԿ-ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների մասին է), բոլորս  էլ հիշում ենք, թե ինչով այն ավարտվեց, ինչ որակումներ ստացավ՝ «գյալաջի՝ Էրեբունի հյուրանոցում», ի՞նչ անել, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, բանակցությունները, եթե կայանան, չստանան նույն որակումները:

Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որը վարում էր այսօրվա նստը, պատասխանեց. «Երբ որ ասում ենք՝ բանակցությունները լավն են, թե վատն են, դա նույնն է, թե ասում են՝ դանակը լա՞վն է, թե՞ վատն է: Դանակը լավն է, երբ հաց է կտրում, վատն է, երբ մարդասպանության գործիք է: Եթե մենք մերժում ենք բանակցությունը՝ որպես խնդիրը լուծելու եղանակ, ապա պետք է հասկանանք, թե ո՞րն է այլընտրանքը: Այլընտրանքը կարող է լինել հեղաշրջումը, հարձակումը, գրոհը: Չեմ կարծում, որեւէ որեւէ մեկը կցանկանա այդպիսի լուծում»: Նա վերհիշեց Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների ժամանակ ասած խոսքերը՝ «Ապահովեք լուծում, բայց ապահովեք այն առանց արյան»:

Պարոն Սաֆարյանի խոսքերով՝ «Որպեսզի պետությունը «շպագատ» չնստի երկու ոտքի վրա, պետք է խնդիրը լուծել: Դա պետք է լուծեն բանակցությունների միջոցով, բայց սա չի նշանակում, որ պետք է պարտվել, թույլ տալ, որ իշխանությունները լուծեն այն ճանապարհով, ինչ իրենք են ուզում: Եթե դա ընդունելի է ժողովրդի համար, ինչ ճանապարհ էլ լինի՝ թող լուծվի»:

Դիրիժոր Վարդան Հակոբյանի խոսքերով՝ «Ինչ էլ կոչվեն բանակցությունները, կարեւոր չի՝ ծախվե՜լ, գյալաջի՜, էական չէ, կարեւորն այն է, որ արդյունք տա, բայց մենք նախադեպ չունենք, որ որեւէ բանակցություն իշխանության հետ արդյունք է տվել»:

Քննարկման ընացքում հավաքված քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ մեր բյուջեի գումարներից, հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստատեսությունը Ազատության հրապարակում առաջիկա հանրահավաքը եւ ապրիլի 9-ի իրադարձությունները հեռարձակի ուղիղ եթերով: Պահանջին միացավ նաեւ Ստյոպա Սաֆարյանը. «Ամենաթանկարժեք գովազդները կտեղադրվեին հենց հանրահավաքների համար, բայց հեռուստաընկերությունները, պարզվում է, չեն ուզում: Հռոմի պապի ընտրությունները կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, բայց տասնյակ հազարների հասնող մարդկանց ընդվզումը Ազատության հրապարակում կարելի է ցուցադրել ընդամենը մի քանի րոպեով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031