Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ

Մարտ 25,2013 18:58

Նա վստահեցրեց, որ եթե Սերժ Սարգսյանը գա՝ ինքը չի մերժի

 

«Մի բանում մենք միասին ենք, որ բարեւի հեղափոխությունը, սիրո հեղափոխությունը տանենք մինչեւ հաղթանակ: Ոչ մեկը ճշմարտության բանաձեւը չգիտի»,- այսօր Ազատության հրապարակում ամփոփելով բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստը՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ այս տարվա ընթացքում պիտի կարողանան ապահովել հաղթանակի գրանցումը:

«Մեռնեմ քեզ, քաղցրսսսս»- բղավեց մի տատիկ՝ լսելով Րաֆֆի Հովհաննիսյանի  խոսքը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ինքը ինքնամաքրվեց եւ հիմա հերթը Սերժ Սարգսյանինն է.  «Կային մարդիկ, որոնք ազնիվ քվե տվեցին պարոն Սարգսյանին: Բայց պարոն Սարգսյանի պաշտոնական քվեների զգալի մասը լցոնումների, ստի, կեղծիքի քվե է: Լավ կլինի, որ մինչեւ Զատկի տոնը ինքնամաքրումը նաեւ վերաբերի Սերժ Սարգսյանին: Նամակների մասին՝ չորեքշաբթի, բայց նամակագրությունից առաջ, ինչպես Վարդան Հակոբյանը նկատեց, ինչո՞ւ են պատրվակ գտնում եւ չեն բացում տուփերը: Եթե որեւէ կասկած կա պարոն Սարգսյանի մոտ, վերացրե՛ք այդ տարակույսը, բացե՛ք: Հիմա ուշ չէ, որ մինչեւ ապրիլի 9-ը ինքը դիմի ՍԴ եւ բացել տա: Եթե կասկած կա, եթե ժողովրդի հաղթանակը ընդունելու-չընդունելու կասկած կա, բացեք եւ տեսեք, որ անգամ լցոնումներով հանդերձ ժողովուրդը հաղթել է»:

Սասուն պապին բղավեց՝ «Սահմանադրությունը իրա ճորտն ա, մենք Սահմանադրություն չունենք»: Րաֆֆի Հովհանիսյանը համաձայնեց, որ Ազատության հրապարակից պետք է Սահմանադրությունը բանեցնել. «Երբ հոկտեմբերին «կանխատեսելի» էր վիճակը, կային շատ ու շատ մարդիկ, ովքեր հարգելի պատճառներով չմասնակցեցին ընտրություններին, ասում էին՝ գիտենք, 20 տարի ընտրությունները ոչ մի բան չեն տվել: Հիմա մեր ուժը նրանում է, որ հասկանում ենք, որ ունենք ճանապարհ, ունենք ժողովուրդ: Մի մարդ, ով հավատաց ժողովրդին եւ ժողովուրդն իրեն հավատաց, մենք այսօր չէինք լինի, եթե էդ պայքարը չտանեինք՝ ընտրությունների միջոցով, եթե այդ փտած, կոռուպցիոն ուղղահայացի դեմ պայքար չտանեինք: Ոչ ոք թող իրեն չվերագրի որեւէ բան: Ասում էին՝ 3 ամիս առաջ կանխորոշված է: Ոչ, կանխորոշված ոչ մի բան չկա: Մենք այստեղ չէինք լինի, եթե ես ձեզ հետ չմտնեինք այս պայքարի մեջ»:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Պարզ է, քաղաքապետական ընտրությունն ուրիշ աստիճան է, եւ մեր էներգիան պիտի տանենք ադ ուղղությամբ՝ որպես մի փոքր ճակատ: Սխալ է այն տպավորությունը, որ սա Արմեն Մարտիրոսյանի մասին է: Ոչ մի կուսակցական վերնագիր՝ Բարեւ Երեւան: Խնդրում եմ, որ բանավեճը շարունակենք, մեկս մյուսին համոզենք: Հաղթանակը տրված է, հաղթանակը պիտի շարունակենք: Դա վերաբերում է միջոցներին նաեւ: Բոլոր սահմանադրական միջոցները պիտի օգտագործենք: Եթե պարոն Սարգսյանը պատրաստ է՝ բանակցություն, թե քննարկում, ինչ էլ լինի, եթե ուզենա գա Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պիտի ողջունենք: Կարող եք կանխատեսել, թե ինքը ինչ է ասելու, բայց եթե նայեք ինչ է մեր նվազագույն ժողովրդական պահանջը՝ ընտրություններ, մարզպետներ, առանցքային գերատեսչություններ, պատկերացրեք, որ ժողովրդի ճնշմամբ եւ պահանջատիրությամբ, այլընտրանքային ուժով այնպիսի վիճակի բերենք, որ ոչ միայն այլընտրանքային ուղղությամբ, այլ հենց իրենց գիտակցության մեջ փոփոխություն լինի»: Պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց իր պահանջները, որ պետք է առնվազն 5 մարզպետ փոխվի. «Մենք կարող ենք ասել, որ հեքիաթային ոլորտից է դա, բայց մենք պայքարի մեջ ենք, եւ պիտի օգտագործենք բոլոր հնարավոր լծակները: Թող իրենք «ոչ» ասեն: Իրենք կամ պիտի իշխանությունը կիսեն ժողովրդի հետ, որ մեր նվազագույն շեմն է, կամ մենք կգնանք համախորհուրդ ճանապարհով, որն այսօրվա բանավեճի առանցքն էր»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե դա լինի, մենք կունենանք Հայաստան, որտեղ կապահովի գործարարների բարգավաճումը, բայց՝ օրենքի տանիքի տակ, ոչ թե ինչ-որ մեկի բարձր հովանու տակ, ավանդների վերադարձ կլինի, այլեւս հայ զինվորի կյանքը ոչ մեկը առանց պատասխանատվության չի խլի. «Մենք ունենք մեկ նպատակ եւ այդ նպատակը պիտի միասին անենք, որովհետեւ մեզ միացել են ամենատարբեր շերտերից: Ես պիտի անցյալ չմտնեմ, բայց պիտի մեկ անգամ ասեմ, որ եթե բոլոր չմասնակցողները հավատային, մասնակցեին, պատկերացրեք, թե ինչ վիճակ կունենայինք այսօր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031