Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան բանաստեղծություններ, որոնց միակ ընթերցողը ես եմ». Կարեն Մարդանյան (Գարմար)

Մարտ 25,2013 17:19

Ես ձեռքերիս մեջ առա գարունը,

Պարզվեց գարունը դու ես սիրելիս,
Մինչ այդ ամեն ինչ, ամեն բան նույնն էր,
Գարունն էլ գարուն էր և ուրիշ ոչինչ:
Հետո գարունը փարվեց ինձ այնպես,
Չեմ հիշում արդեն, գարունն էր թե դու էիր,
Բայց լավ հիշում եմ, դուք ինձ գրկեցիք,
Այս օտարությունից դուք ինձ փրկեցիք
Հարազատորեն փարվելով հոգուս:
Ես ձեռքերիս մեջ առա գարունը,
Պարզվեց գարունը դու ես սիրելիս:

Այս բանաստեղծական տողերի հեղինակը Կարեն Մարդանյանն է, ով շատերին հայտնի է որպես Գարմար: Գրական այս կեղծանունը ընտրվել է շատ հանկարծակի. «Մի օր եկա տուն ու հիշում եմ բանաստեղծություն գրեցի, այգում քամի էր, գարուն էր կարծեմ… ինքնաբերաբար Գարմար գրեցի բանաստեղծությունն ավարտված համարելով», – ասում է նա: Գրական անուն ունենալու մասին միշտ է մտածել, կարծում է՝ ամեն բան ծնվում է նախ մտքում, թեև նշում է նաև, որ մտքում ծնվածները հաճախ բավականին ուշ են հանձնվում թղթին: «Երբեմն մտքումս տողեր են պտտվում, նույնիսկ շաբաթներով նույն երկտողը շուտասելուկի նման կարող եմ կրկնել ու որոշ ժամանակ անց, երբ հասունանում է պահը, գրում եմ. կամ ես, կամ բանաստեղծությունը, չգիտեմ ինչպես նկարագրեմ, թե երբ ինչու ու ինչպես է ծնվում բանաստեղծությունը, շատ հաճախ խզմզոցներս մնում են կամ սևագրերում կամ իմ մտքում», – ասում է Գարմարը: Գործեր էլ կան, որ միայն ինքն իրեն է վերապահում դրանք ընթերցելու հնրավորությունը. «Կան բանաստեղծություններ, որոնց միակ ընթերցողը ես եմ, գուցե մի օր տեսնեմ, որ թույլ են ու այրեմ, գուցե զգամ, որ պիտի կարդան այդ բանաստեղծությունները ու այդպես էլ լինի… համացանցի շնորհիվ լավ մարդկանց հետ եմ ընկերացել ( մի օր երբ ժողովածու ունենամ այդ մարդկանց անունները կնշեմ )երբեմն քննադատում են նույնիսկ բանավիճում ենք … բայց գործեր էլ կան, որոնք միանգամից են հայտնվում համացանցում», – ասում է նա: Այդ քննադատություններին էլ նորմալ է վերաբերվում, հավատացնում է, որ ոչ գովեստից է քիթը ցցում, ոչ էլ տխրում է սուր քննադատությունից: Գարմարը Հայաստանում չի բնակվում, բայց հայրենասիրական բանաստեղծությունները բազմաթիվ են, Հայաստանից հեռու լինելը օգնում է այդ թեմայով ստեղծագործել, թե ոչ՝ նա չգիտի, բայց նշում է նաև, որ ամեն օր հանդիպելով օտարների իրեն այսպես թե այնպես օտար է զգում. «Մեր անկախությունը ցավոք վտանգված է, մենք չենք կարողանում պահել այն, ինչը երազ էր ու դարձավ դժվար ու նաև չսպասված իրականություն, անկախությունը բառ չէ, նույնիսկ քաղաքական չէ, այլ ապահովության զգացում է, որը պիտի ունենա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի», – ասում է նա:

Նշեմ, որ Գարմարն ունի նաև իր բլոգը, որը պարբերաբար թարմացվում է:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031