ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում այսօր տեղի ունեցավ «Կովկասյան մշակութային աշխարհը և Հայաստանը» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված պրոֆ. Պարույր Մուրադյանի ծննդյան 80-ամյակին:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ասաց.«Երբ հայացք ես նետում անցյալը, մեր հայագիտության գործիչները` զգում ես, որ պրն. Մուրադյանն ինքնատիպ հայագետներից էր: Նա ինքնատիպ էր և կարծես մեր օրերում, 19 դարի վերջին, 20 դարի սկզբներին պահպանում էր մեր ավագ սերնդի հայագետների ոգին, ուսումնասիրության նրանց մեթոդները, հայագիտությանը լուրջ և խոր մոտենալու նրանց մոտեցումները: Եվ պատահական չի, որ նա մեր հայագիտական ոլորտում հանդիսացավ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների գործերը հրատարակող անձնավորություն»:
ՀՀ ԳԱԱ ԱԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ.-անդամ Ռ. Սաֆրաստյանն էլ հավելեց. «Նա ոչ միայն իր մասին թողեց ազնիվ գիտնականի, խորունկ մասնագետի համբավ, այլև թողեց երիտասարդներ, որոնք արդեն գիտության բնագավառում իրենց ուրույն տեղն ունեն: Ինստիտուտի համար պրն. Մուրադյանը մեծ ավանդ ունի: Արևելագիտության ինստիտուտի ներկայիս հեղինակությունը, կերպարը կերտելու մեջ: Փաստորեն նա ինստիտուտում հիմնադրեց և տարիներ շարունակ հաջողությամբ ղեկավարեց կովկասագիտության բնագավառը»:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ հավելեց, որ նա ցանկանում է պրոֆ. Մուրադյանին ներկայացնել, որպես Երևանի պետական համալսարանի դասախոս, ով 1971թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում: Նա ուներ յուրահատուկ բնավորության գծեր` խստապահանջ էր, սկզբունքային, անաչառ և հարուստ գիտելիքների պաշարը` աղբյուրագիտական այդ մեծ կարողությունները նպաստում էին նրա գիտական կարողությունների և իբրև դասախոս նաև վարպետության ձևավորմանը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի և Կովկասի բաժնի գիտական կաբինետը անվանակոչվեց պրոֆ. Պարույր Մուրադյանի անունով:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ