Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Էկոնոմիստ». Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 114-դ տեղում է

Մարտ 25,2013 16:49

«2012-ին ժողովրդավարության մակարդակով Հայաստանը աշխարհի 165 պետությունների շարքում 114-րդ տեղում էր», – իրենց տարեկան` թվով հինգերորդ զեկույցում նշում են լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածի վերլուծաբանները: 

Զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանը ինչպես եւ նախորդ տարիներին, այսօր էլ «հիբրիդային պետությունների» թվում է` ժողովրդավարության մակարդակով գտնվելով մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ Նեպալը, Իրաքը կամ Հայիթին:

Նշենք, որ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները պետությունների ժողովրդավարության մակարդակը գնահատում են 10 բալանոց սանդղակով: Բրիտանացի վերլուծաբանների հաշվարկի համաձայն, Հայաստանի արձանագրված միջին ցուցանիշը 2008 թվականից ի վեր չի փոխվել. այն կազմում է 4.09 միավոր:

Ամենացածր ցուցանիշները քաղաքական մշակույթի ընդհանուր վիճակին են վերաբերում: Այս ցուցանիշով, ըստ «Էկոնոմիստ»-ի մասնագետների, Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ աֆրիկյան մի շարք պետություններ` ասենք, Մալին, Նիգերիան կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Փոխարենը այս նույն ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, որտեղ քաղաքական մշակույթի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Հարավային Կովկասում կամ Ուկրաինայում: Ցածր են նաեւ Հայաստանում արձանագրված ցուցանիշները կառավարման արդյունավետության մակարդակի առումով:

Ինչ վերաբերում է ընտրական պրոցեսներին, ապա դրանք արժանացել են բրիտանացի վերլուծաբանների ընդամենը 4.33 գնահատականին` տասը հնարավորից:

«Հայաստանի նման արդյունքը համադրելի է Սինգապուրի, Իրաքի կամ Լիբիայի արձանագրած ցուցանիշների հետ», – պարզ է դառնում «Էկոնոմիստ»-ի մասնագետների հրապարակած զեկույցից:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով, միակ ոլորտը, որտեղ Հայաստանում իրավիճակը քիչ թե շատ բարվոք է, քաղաքացիական ազատությունները մակարդակն է, որը զեկույցի հեղինակների կողմից գնահատվում է 6 միավորից փոքր ինչ պակաս: Սա համադրելի է ասենք Վենեսուելայում քաղաքացիական ազատությունների մասկարդակի հետ:

Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա Վրաստանը այս տարի զգալի առաջընթաց է արձանարգել` 2011 թվականի 102-րդ տեղից տեղափոխվելով 93-րդ հորիզոնականը: Նման ցատկի գլխավոր պատճառը վրացական ընդդիմության հաղթանակն էր նախորդ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում: Եթե 2011 թվականի զեկույցում Վրաստանում ընտրական պրոցեսների ընդհանուր վիճակը «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները գնահատում էին 7 միավորից էլ քիչ, ապա այժմ այդ ցուցանիշն աճել է` հասնելով 8.52-ի: Նշենք, որ ընտրական պրոցեսների մոտավորապես նույնարժեք ցուցանիշ է առկա ընտրական ժողովրդավարության շատ ավելի պատկառելի փորձ ունեցող այնպիսի պետություններում, ինչպիսիք են Արգենտինան կամ Մեքսիկան: Չնայած այս առաջընթացին` Վրաստանը, Հայաստանի հետ մեկտեղ, շարունակում է մնալ «հիբրիդային պետությունների» խմբում:

Իսկ մեր մյուս հարեւան պետությունը` Ադրբեջանը, ավտորիտար վարչակազմ ունեցող պետությունների խմբում է: Ադրբեջանն արձանագրած գրեթե բոլոր ցուցանիշներով զիջում է հարեւան երկրներին:

Ավտորիտար պետությունների խմբին է դասվել նաեւ Ռուսաստանը: «Այս երկրի գլխավոր խնդիրներն են կառավարաման անարդյունավետությունն ու քաղաքական մշակույթի ցածր մակարդակը», – նշում են «Էկոնոմիստ»-ի վերլուծական հավելվածի փորձագետները:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031