Ասում են՝ երբ ցանկանում ես հաղթել, ապա հաղթում ես, ամեն դեպքում՝ չես պարտվում: Այսպես էլ եղավ «Շանթ» հեռուստաընկերության «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ գալա համերգում: Թեև հաղթեց մեկ զույգ՝ Արմինա Խաչատրյանն ու Հովհաննես Սարգսյանը, սակայն նախագծի բոլոր մասնակիցներն էլ ստացան պատվոգրեր և այլ նախագծերում պարային ելույթներով հանդես գալու հնարավորություն:
Երրորդ եթերաշրջանը մյուսներից տարբերվեց նրանով, որ հաղթողները երկուսն էին: Նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը նշեց, որ ձևաչափերում փոփոխություններ հաճախակի են արվում, ինչը կիրառվում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում.
«Մեր նշաձողն ավելի բարձրացավ, երբ 10 լավագույները պարեցին առաջին և երկրորդ եթերաշրջանների 10 լավագույն պարողների հետ: Նախագծի հաղթողներին սպասվում է շրջագայություն դեպի «Պարի՛ր, թե կարող ես»-ի կամ “So You think You Can Dance”-ի հայրենիք՝ ԱՄՆ: Նրանք կտեսնեն, թե ինչպես են այնտեղ տեղի ունենում նկարահանումները, ներկա կգտնվեն գալա համերգներին, կշփվեն այնտեղի պրոդյուսերների, պարուսույցների ու մասնակիցների հետ:
Հանդիսատեսի կողմից նախագիծն առաջին օրվանից սիրվել ու ընդունվել է: Նկատել եմ, որ մեզանում պարային դպրոցները շատացել են, իսկ անցյալ եթերաշրջանի մասնակիցներից մի քանիսն արդեն պարուսույցներ են»:
Ժյուրիի անդամ Գագիկ Կարապետյանը «Պարի՛ր, թե կարող ես»-ի նախագծի շրջանակներում կատարվածը համարեց ահռելի աշխատանք և նշեց, որ «Պարի՛ր, թե կարող ես», «Իքս ֆակտոր», «Սուպերսթար» նախագծերը դարձել են այնպիսի հնչեղ անուն կամ «բրենդ», որ ամենուր հանգիստ կարելի է ներկայացնել մասնակիցներին:
Վարդուհի Ալեքսանյանն էլ ասաց, որ իր համար տաս գալա համերգների ընթացքում յուրաքանչյուր շաբաթ հաղթել է մեկ մասնակից. «Կարծում եմ, որ փոխելով ձևաչափը, երբ հաղթում են երկուսը, նախագիծն էլ ավելի մասսայական կդառնա, սա պարային հրավառությունն է…»:
Դեռևս Աղվերանում կայացած ընտրական փուլի ժամանակ Հովհաննեսը նշեց իր հաղթելու ցանկության մասին, մեջբերում եմ. «Նախագծից ամենամեծ ակնկալիքը և գլխավորը նպատակը վերջնական հաղթանակն է»:
Այժմ այն իրականություն է դարձել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում սովորող 20-ամյա երիտասարդի համար, իսկ Իսրայելի բանակում ծառայած աղջկա՝ 21-ամյա Արմինայի առաջին բառը «չեմ հավատում»-ն էր.
Հովհաննես – Իմ երազանքն է կատարվել, այն էլ երկուսը, երբ պետք է ներկա գտնվեմ “So You think You Can Dance”-ին:
Արմինա – Իսրայելում մասնակցել եմ «Պարի՛ր, թե կարող ես»-ին, բայց առաջին փուլը չեմ անցել: Հայաստանում ինձ համար դռներ բացվեցին: Բանակում ծառայելուց հետո եկել էի Հայաստան հանգստանալու և «Հայսուպերսթար»-ին մասնակցելու համար, սակայն չանցա, բայց ինձ ասեցին որ շուտով այս նախագիծն է սկսվելու, ես էլ մնացի:
Պարել եմ երեք ոճերում՝ դասական, մոդեռն և ջազ, իսկ այժմ սովորում եմ Պարարվեստի ուսումնարանում: Այս նախագիծն ինձ համար ասես նոր ծառայություն լիներ, թե ինչ փորձությունների միջով ենք անցել մասնակիցներով, նման է բանակում ծառայելուն:
Նախագծի շրջանակներում ձեռք բերելով երկրպագու-երկրպագուհիների մեծ բանակ, Հովհաննեսն ու Արմինան հետաքրքիր անակնկալներ են ունեցել:
Հովհաննես – Եղել է դեպք, երբ տաքսի եմ նստել, զանգել են ու խնդրել, որ իջնեմ մեքենայից: Իջել եմ, և ինձ նվերներ են տվել: Այդպես էլ չեմ իմացել, թե հեռախոսահամարս որտեղից են գտել: Եղել է, որ տորթով ու քաղցրավենիքով են եկել ինձ մոտ, այնտեղ, ուր սովորաբար պարում եմ:
Արմինա – Իսկ ինձ շատ էին գրում «ֆեյսբուք»-ում: Ճիշտն ասած՝ փողոցում չէին ճանաչում ինձ, քանի որ միշտ տաք եմ հագնվում, բայց հենց գլխարկս հանում էի ու խոսում, ասում էին. «Վայ, «Պարիր, թե կարող ես-ի այն աղջիկն է»:
Հովհաննես – «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ինձ մի աղջիկ ամուսնության առաջարկություն է արել: Ի դեպ՝ իմ ու Արմինայի նկարներն էին իրար կպցրել և տեղադրել սոցցանցում, իսկ մեկնաբանություններից շատերը եզրակացրել են, թե մենք ընկերություն ենք անում:
Շատ հետաքրքիր է, որ մեկ ամիս առաջ ես ու Արմինան միջանցքում կանգնած էինք, ես էլ ասեցի. «Արմ, պատկերացնո՞ւմ ես մի օր այսպես Ամերիկայում կանգնած լինենք»:
Արմինա – Հա, եղել է…
Հետաքրքիր էին նաև հաղթող զույգի ուսման և աշխատանքի հետ կապված ծրագրերը:
Հովհաննես – Բացի պարից, ամեն ինչի մեջ կարող ես գտնել փիլիսոփայություն, իսկ ինձ ապագայում պատկերացնում եմ որպես քաղաքական գործիչ:
Արմինա – Ես շարունակելու եմ Հայաստանում սովորել, զարգացնել գիտելիքներս և դառնալ պարուսույց: Իսրայելում էլ ավարտել եմ արվեստի դպրոց՝ նկարչության գծով:
Իսկ, թե ի՞նչ են անելու նրանք այժմ՝ նախագծի ավարտից հետո, պարզվեց, որ 2 ժամից կրկին փորձի են լինելու The best-ի նկարահանումների համար, իսկ հարազատներին դեռ չեն հասցրել տեղեկացնել. Հովհաննեսը ցանկանում էր առաջինը զանգահարել հայրիկին, իսկ Արմինան՝ ծնողներին:
Մարինե Ամիրյան` (mynews.am)