Մարտի 22-ին ոստիկանության Իջեւանի բաժնի դահլիճում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի շենքի գիշերային պահպանության համար իրենք պահակներ են աշխատանքի ընդունել եւ խզել են Իջեւանի պահակային ծառայության հետ կնքած պայմանագիրը:
Իջեւանի պահակային ծառայության ղեկավար Գագիկ Գրիգորյանը ելույթ ունենալով ասաց, որ պահակային ծառայությունը միայն ֆինանսների պակաս է զգում, որ իրենք աշխատանքային գործառույթները իրականացնելու գործում խնդիրներ չունեն:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը հայտարարեց, որ խանութների տերերը չպետք է զլանան եւ պետք է տեսախցիկներով տարածքի հսկման սարքեր գնեն, դրանք թանկ չեն, նվազագույնը՝ 100 հազար դրամ: Արմեն Օհանյանն ասաց, որ 2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւանում թալանել են ոսկու խանութ, տարել 50 միլիոն դրամի ոսկյա զարդեր, այդ խանութում տեսախցիկներ չեն եղել:
Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալը նաեւ ասաց, որ խանութների տերերը կարող են իրենց շահույթներից մասհանում անելով՝ գիշերային պահակ վարձել, վերջինս կգիշերի խանութում, այն գողերի ոտնձգություններից զերծ պահելով:
Կարդացեք նաև
Իջեւանի քաղաքապետին հարցրինք, թե ինչո՞ւ է խզել պահակային ծառայության հետ պայմանագիրը: Վարդան Ղալումյանն ասաց, որ թալանված ոսկու խանութը պայմանագիր ուներ պահակային ծառայության հետ, սակայն դա չխանգարեց գողերին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ