Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Երեկ ողջ օրը , հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:
Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում:
Նախնական տվյալներով, վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում , հաշվի առնելով , մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով, կայուն ծխածակույթի ապահովումը ճիշտ և ժամանակին իրականացումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:
Ըստ օթերևութաբանների, այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա:Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր ևս մասնագետների խմբերը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ գտնվում են գիշերվա ընթացքում առավել ցածր ջերմաստիճաններ գրանցած համայնքներում, ուր դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն