Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի` Չեխիայի հետ ընտրանու նախախաղային մամուլի ասուլիսը:
«Երկու հարց կա, որ դեռ պետք է որոշ դիրքերի ֆուտբոլիստների նայենք եւ ամենակարեւորը` այսօր մեկ մարզում էլ ունենք, որպեսզի ֆուտբոլիստները խաղային պրակտիկայի պակաս չունենան: Կարելի է ասել, որ մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստներն արդեն հայտնի են: Մեկ ֆուտբոլիստի հարցում դեռ կան կասկածներ», – ասաց նա: Իսկ ակնարկին, թե խոսքը Արաս Օզբիլիսի մասի՞ն է, մարզիչը պատասխանեց. «Բոլորդ էլ գիտեք, որ նա վնասվածք ուներ եւ 10 օր չի մարզվել: Ընդամենը երկու-երեք օր է, որ սկսել է: Դժվար է ասել: Համենայնդեպս, եթե մի փոքր կասկածենք, որ նրա խաղադաշտ մտնելը վտանգավոր է, հաստատ նրան վնաս չենք պատճառի»:
Խոսելով Հայաստան-Չեխիա հանդիպման կարեւորության մասին` պարոն Մինասյանն ընդգծեց, որ երկու թիմերին էլ հաղթանակը պետք է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե մարզիչն ի՞նչ կարծիքի է այն տեսակետի հետ, որ Չեխիայի թիմում ամենաթույլ օղակը պաշտպանությունն է: «Ցանկացած թիմ, այդ թվում նաեւ Չեխիան ունի եւ ուժեղ, եւ թույլ կողմեր: Բայց հիմա չեմ խոսի նրանց ոչ ուժեղ, ոչ էլ թույլ կողմերի մասին: Նայել ենք չեխերի 6-7 հանդիպում: Հարձակման ժամանակ նրանք կոնկրետ բաներ ունեն, որ կրկնվում են: Ուղղակի մի քանի նրբություններ կան, որոնց մասին էլ խաղից առաջ չեմ ուզում խոսել», – պատասխանեց Վարդան Մինասյանը:
Վերջում մարզիչը թիմերի հաղթելու հնարավորությունը գնահատեց 50×50: Եվ ասաց, որ տղաները գիտակցում են վաղվա խաղի կարեւորությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ