Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՌԱՀ-ի նիստերի դահլիճում կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համատեղ առաջին նիստը:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ համագործակցության հիմնական ուղղությունները: Ամալյանն ասաց, որ խնդիրներից առաջինը օրենսդրական դաշտի կարգավորումներն են. «Հանձնաժողովներն ընտրել են քաղաքականություն` ներդաշնակություն ստեղծել ինչպես օրենսդրական մոտեցումներում, այնպես էլ կոնկրետ կարգավորումներում: 2011թ.-ից հանձնաժողովներն ակտիվ փորձել են ներդաշնակեցնել իրենց կողմից ընդունվող կարգավորիչները: Այս ուղղությունն ինտենսիվ եւ արդյունավետ է եղել: ՀՀ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտին առնչվող ցանկացած իրավական ակտ ուղղել ենք ԼՂՀ-ի գործընկերներին, ստացել առաջարկներ եւ փորձագիտական կարծիքներ: Կարծում եմ` իրավական դաշտի եւ կարգավորումների ներդաշնակեցման ոլորտում էական առաջընթաց ենք ունեցել»:
Խնդիրների մյուս խումբը վերաբերում է տեխնիկական համատեղելիության աշխատանքներին: «Փորձը ցույց տվեց, որ մարդկային եւ տեխնիկական ռուսուրսների տեսակետից օժանդակության առաջին աղբյուրը, որպես գործընկերներ, մենք ենք: Մյուս կողմից, երկու հանրապետությունում էլ ընթանում է թվայնացման գործընթաց: Բնականաբար, կարեւորագույն խնդիր է առաջանալու միասնական տեխնիկական հեռանկարներ մշակել եւ ապահովել լրատվական դաշտի ամբողջականությունը»,-ասաց Ամալյանը:
Նա հավելեց, որ երրորդ գլխավոր ուղղությունը ոլորտին առնչվող խնդիրներում միջազգային համագործակցությունն է. «ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կարգավորող մարմինները ունեն իրենց ինքնուրույն կապերը, նաեւ հանդես են գալիս համատեղ պատվիրակություններով: Բացի գործնականից, ունեցել ենք նաեւ բարոյահոգեբանական արդյունք. դա այն ոգեւորությունն էր, որը նկատվեց Սփյուռքի համայնքներում: Օրինակ, Իսրայելի հայկական համայնքի համար ոգեւորիչ էր տեսնել երկու հայկական պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներին»:
Կարդացեք նաև
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ՀՌԱՀ-ի գործընկերների եւ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները` ուղղված լիցենզավորման մրցույթների անցկացմանը, տեղեկատվության փոխանակմանը, օրենսդրական ակտերի մշակմանը եւ կիրառմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ