Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը եւ ԼՂՀ հանձնաժողովը կհամագործակցեն մասնագիտական ռեսուրսների փոխօգնության գծով

Մարտ 25,2013 15:36

Երկու հանձնաժողովների համագործակցության համաձայնագրում հավելում կատարվեց

Այսօր ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նիստերի դահլիճում կայացավ ՀՌԱՀ-ի  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ)` Երևանում անցկացվող համատեղ առաջին նիստը:  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտնեց, որ նիստի օրակարգային հարցերից է 2 հանձնաժողովների համագործակցության շրջանակներում 2012 եւ 2013 թվականների 1-ին եռամսյակի ընթացքում հաղորդակցության,  այդ թվում` հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում կատարված աշխատանքների ամփոփումը, որը ներկայացրեց ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Հակոբ Ղահրամանյանը:

Նա նշեց, որ համագործակցության շրջանակում ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ-ի կողմից կատարվել են 12 այցելություններ ՀՀ ՀՌԱՀ` այդ թվում` 2012 եւ 2013 թվականների 1-ին եռամսյակի 7 այցելությունները: «Բոլոր այցերը կրել են գործնական բնույթ, քննարկվել է օրենսդրական փոփոխությունների եւ եթերային հաղորդումների վերաբերյալ մոնիթորինգների, վարչական վարույթների եւ հայեցակարգերի մեթոդաբանությունը: 2013թ-ի հունվարի 21-ից ՀԾՏՄԿՊՀ-ի ներկայացուցիչները գործուղվել են ՀՀ` հեռարձակվող ծրագրերի` ՀՀ ընտրական օրենսդրությանը համապատասխանության մասին մշտադիտարկմանը մասնակցելու նպատակով: Հունվարի 21-ից փետրվարի 16-ը մեր ներկայացուցիչները հեռուստածրագրերի դիտարկման ընթացքում գնահատել են նախընտրական քարոզարշավի անկողմնակալ լուսաբանման հանգամանքը»:

Պարոն Ղահրամանյանը հավելեց, որ  2011-2013թթ ընթացքում ՀՀ ՀՌԱՀ-ի նախագահի, հանձնաժողովի անդամների եւ աշխատակիցների կողմից կատարվել է 7 այցելություն` ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ. «Այցելությունների ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովների 3 համատեղ նիստեր, աշխատանքային քննարկումներ եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ, իսկ ԶԼՄ-ների համար կազմակերպվել են մամլո ասուլիսներ: ՀՀ ՀՌԱՀ-ի մասնագետների մասնակցությամբ  կայացել են  հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակցության համար ներկայացված հայտերի քննարկումներ: Համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2011թ-ին հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են արտասահմանյան տարբեր միջոցառումների եւ սեմինարների, որոնց հրավիրել է ՀՀ ՀՌԱՀ-ը»:

Գրիգոր Ամալյանն ասաց, որ  օրակարգային 2-րդ հարցը վերաբերվում էր 2011թ-ին կնքված  ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ-ի եւ ՀՀ ՀՌԱՀ-ի միջեւ համագործակցության համաձայնագրին: Ամալյանը նշեց, համաձայնագրում հավելում է կատարվել` մասնագիտական եւ տեխնիկական ռուսուրսներով փոխօգնության մասին. «Խնդիրն առանձին քննարկվել է, իսկ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը եւ ՀՌԱՀ-ը նախագծին տվել են դրական եզրակացություն»: Երկու հանձնաժողովների նախագահները ստորագրությամբ հաստատեցին համաձայնագրում արված հավելումը:

Պարոն Ամալյանը տեղեկացրեց, որ օրակարգային 3-րդ հարցը 2 հանձնաժողովների միջեւ 2013թ-ի աշխատանքային ծրագրի հաստատումն է. «Ծրագիրն արժանացել  է 2 հանձնաժողովների անդամների համաձայնությանը եւ կտեղադրվի ՀՌԱՀ պաշտոնական կայքում»:

Նիստի ավարտին Գրիգոր Ամալյանը ՀՌԱՀ պատվոգրով պարգեւատրեց Հակոբ Ղահրամանյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031