Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան Իվան Վոլինկինը կարող է կարեւոր, բավականին լավ դերակատարություն ունենալ հայ-ռուս-վրացական հարաբերություններում: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք հայ-վրաց-ռուսական հարաբերություններում չի խանգարի այն հանգամանքը, որ նորանշանակ դեսպան Վոլինկինը Վրաստանից որպես լրտես վտարված է եղել 2007 թվականին, թե՞ Բիձինա Իվանիշվիլու՝ որպես կառավարության ղեկավար լինելն արդեն իրավիճակը փոխել է, պարոն Մինասյանն ասաց. «Ընդհանրապես նոր հնարավորությունների կամ նոր զարգացումների մասին ռուս-վրացական հարաբերություններում կարելի է խոսել հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով, որ ձեւավորվել է նոր իշխանություն: Իհարկե, որեէ նոր բան չէր կարող տեղի ունենալ, եթե Բիձինա Իվանիշվիլին չհաղթեր: Բնականաբար, այդ զարգացումները, որ մենք ունենք, կապված է միայն ներքաղաքական զարգացումներով, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում եւ դեռ շարունակվելու են. այդ երկբեւեռ ներքաղաքական զարգացումը Վրաստանում մինչեւ հոկտեմբեր, երբ Սահակաշվիլու կողմից որոշված այն հանգամանքը, որ ինքը ոչ թե 5, այլ` 5 տարի եւ 10 ամիս պիտի կառավարի, իր ժամկետի ավարտին, այդ ժամանակ Վրաստանի իշխանությունները, ես կարծում եմ, ավելի ազատ եւ ավելի վստահ կարող են գնալ արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում նաեւ՝ ռուսական ուղղությամբ»:
Ինչ վերաբերում է դեսպանի` նախկինում լրտեսության մեջ մեղադրվելուն, ապա պարոն Մինասյանի դիտարկմամբ` դա ոչ միայն Վոլինկինին է վերաբերում, այլ` մի քանի ռուս դիվանագետներ եւս օտարվել են Վրաստանից եւ հակառակ գործողություններ էլ արվել է ռուսական կողմից. «Բայց դա այլ իշխանության, նաեւ ռուս-վրացական այլ հարաբերությունների ընթացքում է եղել: Հիշենք,որ սառը պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն դիվանագետներ էին վտարում, բայց դրանից հետո ժամանակները փոխվեցին եւ նոր Ռուսաստանը բավականին լավ հարաբերություններ ունի 2 պետությունների հետ: Այնպես որ, այն քաղաքական իրավիճակը, որ կար մի քանի տարի առաջ ռուս-վրացական հարաբերություններում, ներկայումս թվում է, թե փոխվում է, նաեւ այդ առումով որեւէ կրիտիկական նշանակություն չի ունենա»:
Պարոն Մինասյանի կարծիքով, ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի իշխանությունները փորձում են փոխել Ռուսաստանի հանդեպ ռազմավարությունը, ապա նոր դեսպանն, ի տարբերություն նախորդի, կարող է ոչ միայն կողքից հետեւել ռուս-վրացական հարաբերություններին, այլեւ ներգրավվել դրանց մեջ: Հայաստանը, նույնիսկ կարող է, ըստ քաղաքագետի, միջնորդ հանդես գալ ռուս-վրացական հարաբերություններում:
Կարդացեք նաև
«Այն դեսպանը, որ նշանակվել է, պատահական չէ, այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես իր գլխավոր ռազմական եւ ռազմավարական դաշնակից մեր տարածաշրջանում, նույնպես նաեւ պատասխանատվություն է: Բայցեւ որոշ չափով հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար օգտագործել այդ հնարավորությունը, որովհետեւ չմոռանանք, որ այս պահին նույնիսկ հայ-վրացական հարաբերություններում, այն խնդիրը, որը որ իսկապես խնդիր էր նույն այդ հայ-ռուսական հարաբերություններում, որը կարծում եմ, Սահակաշվիլու ժամանակ գլխավոր պրոբլեմ էր ստեղծում հայ-վրացական միջպետական հարաբերություններում, այս պահին թվում է թե` դառնում է առավելություն եւ Հայաստանը կարող է փորձել որոշ չափով բավականին ակտիվ ներգրավվել ռուս-վրացական հարաբերություններում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ