Ամբողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես «Ջրի համաշխարհային օր»: Այդ օրվանը նվիրված՝ այսօր «Երեւան Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» խորագրով ազգային կոնֆերանսը, որին ներկա էին ջրամատակարար երեք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Որքանո՞վ է անվտանգ այն ջուրը, որ հոսում է մեր ծորակներից, մեր հարցին ի պատասխան՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի Հաղորդակցության եւ դիմում-բողոքների տնօրեն Գագիկ Մարգարյանը պատասխանեց. «Ջրի անվտանգությունը մեր պայմանագրային պարտավորության կարեւորագույն կետերից մեկն է: Ջրի որակի հսկողությունը մեր առօրյա կարեւորագույն գործառույթներից մեկն է: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից ունենք հաստատված կետեր, որտեղից մենք վերցնում ենք փորձանմուշներ: Ջրամբարներում վերցնում ենք երկու ժամյա հաճախականությամբ»:
Ընկերության ներկայացուցիչը սուբյեկտիվ է համարում այն հանգամանքը, որ Երեւանի տարբեր թաղամասերում, բնակիչների բնորոշմամբ, ջուրը տարբեր է՝ մի տեղ ավելի սառնորակ, մի այլ տեղ՝ ավելի տաք ու պղտոր:
«Եթե մենք բողոքում ենք ջրից, ապա այդ դեպքում ի՞նչ պիտի ասեն Ռուսաստանի ու այլ երկրների բնակիչները, որոնք մաքրում են լճերի, երբեմն օվկիանոսների ջուրը ու հետո օգտագործում: Մի տեղ կարող է ջրի կոշտությունը մի քիչ ավելի լինել, մի տեղ՝ մի քիչ պակաս, բայց բոլորը թույլատրելի են ու ապահովում են սանիտարական նորմերը»,-նշեց Գ. Մարգարյանը ու հավելեց, որ իրենց ընկերության կողմից բնակչությանը մատակարարվող ջուրը ախտազերծվում է վերազինված քլորակայաններում ու սպառողների համար գործում է նաեւ «թեժ գիծ»:
Կարդացեք նաև
Պակաս կարեւոր չէ բնակիչների շրջանում ջրի եւ ջրի խնայողության հանդեպ նոր մշակույթի ձեւավորումը: Այս առումով՝ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հ/կ-ի նախագահ Արեւիկ Հովսեփյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ջուրը ճիշտ օգտագործելու մասին տեղեկատվությունը սկսել է տարածել դպրոցներում:
«Մեր կազմակերպությունն աշխատում է դպրոցներ մտնել: Ջրի շռայլումը չիմանալու արդյունք է, այսինքն՝ նրանք չգիտեն՝ էդ ջուրն ինչի համար է: Անցած անգամ դպրոցում օրինակ բերեցի, երբ ասացի, որ զուգարանում ջուրը քաշելուց հետո տեղը խմելու ջուր է լցվում, մի աշակերտ չկար էդ ամբողջ քառասուն հոգու մեջ, որ ասեր՝ ես այդ գիտեի: Էս դեպքում պետք է ասել, թե այդ խմելու ջուրն ուր է գնում»,- ասաց հասարակական կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ մենք ջրօգտագործման մշակույթի առումով դեռ շատ բան ունենք սովորելու զարգացած երկրներից:
«Մենք էժան արժեքը գնահատելու համար ասում ենք՝ «ջրի գին», այսինքն՝ մեզ համար ամենաէժանը ջրի գինն է: Բայց մենք պետք է հասկանանք, որ ջրի արժեքն ամենաթանկ արժեքն է»,-նկատեց «Երեան Ջուր» ՓԲԸ-ի Հաղորդակցության եւ դիմում-բողոքների տնօրեն Գագիկ Մարգարյանը ու համոզմունք հայտնեց, որ իրավիճակը կամաց-կամաց փոխվում է:
Նշենք, որ Water Resources Group-ի տվյալներով՝ Հնդկաստանին 2030 թվականին սպասում է ջրի առաջարկի 50 տոկոս անբավարարություն պահանջարկի նկատմամբ, իսկ համաշխարհային մասշտաբով դա կկազմի 40 տոկոս: 2050 թվականին աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ պակասի պայմաններում: Այսինքն՝ ջուրը կդառնա աշխարհի ամենաարժեքավոր հումքը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ