«Մեր մարզում էլ երկրի գործող նախագահը նախագահական ընտրություններում հավաքել է 54,8 տոկոս ձայն»
Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ նաեւ մարզկենտրոն Արմավիրում եւ Էջմիածին քաղաքում վերջին նախագահական ընտրություններում գործող նախագահն իր դիրքերը զիջել էր «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո, ի թիվս համանման բնակավայրերի ղեկավարների, սկսեց շրջանառվել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անունը: Aravot.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ եք Ձեր պաշտոնանկության հեռանկար եւ որքանո՞վ է դա կապվում ընտրական գործընթացների հետ, Աշոտ Ղահրամանյանն ասաց. «Չգիտեմ, թե դա ո՞ւմ հերթական մտածած հերյուրանքն է: Նման հարց, նման խնդիր երբեւիցե չի եղել: Մեր մարզում էլ երկրի գործող նախագահը նախագահական ընտրություններում հավաքել է 54,8 տոկոս ձայն: Այնպես որ, ես կարծում եմ, որ նման խոսակցությունները հերյուրանք են եւ որեւէ հիմք չունեն»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է մարզպետը բացատրում այն, որ հենց մարզկենտրոնում նախագահ Սարգսյանն առավել քիչ ձայներ էր հավաքել: «Ես կարծում եմ, որ որեւէ համայնքում, որտեղ նախագահի ձայներն ավելի պակաս են եղել, նախագահի հետ կապված խնդիր չի եղել: Ես նախագահական ընտրություններից հետո մի քանի համայնքում հանդիպել եմ ժողովրդի հետ, զրուցել եմ իրենց ցավերի եւ հոգսերի մասին, նաեւ այդ թեման էլ ենք շոշափել: Ես զգացել եմ, որ զուտ տեղական իշխանությունների ապաշնորհության հարց է եղել»,- ասաց Ա. Ղահրամանյանը: Ճշտող հարցին՝ ընտրական գործընթացներո՞ւմ ապաշնորհության, մարզպետը արձագանքեց. «Ոչ, իրենց կատարած աշխատանքների»:
Իսկ Արմավիրի քաղաքապետի պաշտոնանկության հարց օրակարգում տեսնո՞ւմ է մարզպետը՝ հարցին պատասխանեց. «Համենայնդեպս, այսօր չկա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ