Կապանցիներին շարունակում է մտահոգել բաց հանքի հնարավոր շահագործման հարցը, իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը անցած տարվա ընթացքում հայտարարել էր, որ այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի տալ 2013թ. մարտ կամ ապրիլ ամիսներին, երբ տեսանելի կլինեն հետախուզական աշխատանքների արդյունքները:
Ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը օրերս լրագրողների եւ հ/կ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հետախուզության արդյունքները ո’չ շատ գրավիչ են, ո’չ էլ հուսալքող, եւ այդ արդյունքները վերջնական չեն որեւէ որոշում կայացնելու համար: Բացի այդ, բաց հանքի շահագործման առումով մեկ այլ խնդիր կա: «Այսօրվա դրությամբ բաց հանքի մասին որեւէ խոսակցություն չկա, եւ եթե այսպես շարունակվի, ապա բաց հանք չպիտի լինի, որովհետեւ առաջինը ես պետք է լինեմ, որ սեփականատերերին ասեմ բաց հանք չլինի այստեղ, դեռ պետք է մեր ունեցած պուճուրիկ հանքի հարցը լուծենք, նոր արդեն բաց հանք աշխատեցնենք, չենք կարողանում…: Եթե բաց հանք պիտի լինի այստեղ (100 մլն դոլար ներդրման մասին է խոսքը), նախ պետք է վստահ լինենք, որ նորմալ բան կարող ենք անել, այսօրվա պահով վախենալու բան է, դեռ ունեցածներս լավ կառավարենք, հետո մտածենք՝ ինչ ենք անում», – ասաց Հրաչ Ջաբրայանը եւ նշեց, որ մայիս ամսին Կանադայում ղեկավարության հետ կայանալիք հանդիպումների ժամանակ մի շարք կարեւոր հարցեր են քննարկվելու:
«Այնտեղ պետք է լրջորեն արծարծենք այլեւս Հայաստանի մեջ մեր ապագան ընդհանրապես: 7 տարի է՝ այս հիմնարկը փող չի աշխատել, ես այդ հանդիպումներին պետք է համոզեմ սեփականատերերին, որ իրեց երկարամյա ներդրման ծրագրերը Հայաստանում չկասեցնեն, միայն դրանից հետո մենք կմտածենք ստորգետնյա հանքի ընդլայնման, բաց հանքի շահագործման կամ Հայաստանում այլ տարածք վերցնելու մասին»,- հավելեց վարչական գծով տնօրենը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հուսով եմ հերթական բլեֆը չէ` մարդկանց զգոնությունը բթացնելու համար: Թող,ուրեմն,«Դինո գոլդը» պաշտոնապես ու ստորագրված փաստաթղթով սա հաստատի: