Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: «Նման իրավիճակ Հայաստանում չի եղել, եղել են սուր իրավիճակներ, բայց այսօր չնայած արտաքին լարվածություն չկա, բայց մեծ լարվածություն է իշխանական թեւի մոտ, որոնք իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես լուծել այս խնդիրը»,- ասաց Դովլաթյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին, ինչն էլ , նրա խոսքով, գերազանցեց իր սպասումները, ընտրակեղծիքների հետ կապված թվի առումով:
Դովլաթյանի մեկնաբանմամբ`ընտրությունների ժամանակ այն սխեման, որ օգտագործում էին իշխանությունները, թույլ էր տալիս ստանալ ցանկացած արդյունք, բայց այս ընտրություններում իշխանությունները օրվա երկրորդ կեսից փաստի առաջ կանգնեցին`«երբ տեսան, որ մարդիկ քվեարկում են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, փաստի առաջ կանգնեցին: Նրանք ենթադրում էին, որ 38 տոկոսը լինելու է, իսկ եթե չլինեին այդ ընտրակեղծիքները` Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ կհաղթեր»:
Դովլաթյանը նաեւ ասաց, որ քաղաքական դաշտում փոփոխություններ են եղել, օրինակ՝ ՀՀՇ-ն դարձավ դաշինք, ինչը ենթադրում է որոշակի փոփոխություններ եւս: «Ավագանու ընտրություններում քարոզարշավը դեռ նոր է սկսելու, բայց մարդիկ չգիտեն, թե ինչպես եւ ում օգտին են քվեարկելու»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որին պատասխանել է Սերժ Սարգսյանը՝ Դովլաթյանը գտնում է, որ ամեն ինչ կախված է նրանց երկուսից. «Հարցի լուծումը պետք է գտնի Րաֆֆի Հովհաննիսյանը, գուցե շատ առաջարկներ լինեն, բայց դրանք որոշողը ինքն է՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում: Հնարավոր է ամեն ինչ, Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ այնպիսի որոշումներ է կայացնում, որ նույնիսկ իր կուսակիցները տեղյակ չեն լինում, դրա համար էլ ասում եմ հնարավոր է ամեն ինչ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ